Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն նշել է իր 25–ամյակը

30.09.2015, 15:08
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն իր գոյության 25 տարիների ընթացքում վերածվել է հզոր կառույցի, ԱՕԿ հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն նշել է իր 25–ամյակը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն իր գոյության 25 տարիների ընթացքում վերածվել է հզոր կառույցի, ԱՕԿ հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Հանդիսավոր երեկոյին մասնակցել են Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիքին, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ–Ֆահադ Ալ–Սաբահը, ինչպես նաև հայտնի հայ մարզիկներ և օլիմպիական մրցանակակիրներ։

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի քառորդդարյա տարեդարձը, իրավամբ, նշանակալի իրադարձություն է հայաստանյան մարզաշխարհի համար: Իր գործունեությունը սկսելով դեռևս անցած դարի դժվարին 90-ականներին՝ ՀԱՕԿ-ը հետզհետե զարգացել և կայացել է՝ վերածվելով հզոր կառույցի: Ինչի վկայությունն էր նաև այսօր բացված նորակառույց շքեղ օլիմպիական ավանը՝ հարմարավետ մարզադաշտերով և արդիական մարզագույքով հագեցած մարզասրահներով»,– ասել է վարչապետը։

Վարչապետը հավելել է, որ ՀԱՕԿ նախագահի ջանքերի շնորհիվ է նաև, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մեծ հեղինակություն է վայելում ու ճանաչված է միջազգային օլիմպիական հանրության կողմից:

Իր հերթին, Հայաստանի ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ 25 տարիների ընթացքում Ազգային օլիմպիական կոմիտեի կայացման ճանապարհին տարբեր արգելքներ են եղել, այնուամենայնիվ, հայ մարզիկներին հաջողվել է բազմաթիվ պարգևներ նվաճել իրենց երկրի և ժողովրդի համար։

«Դառնալով ԱՕԿ նախագահ` ինձ համար առաջնային խնդիրը մարզադահլիճներ կառուցելը և վերանորոգելն էր` մեր մարզիկների մարզումների համար ժամանակակից պայմաններ ստեղծելու համար, ինչպես նաև նրանց ֆինանսական աջակցություն ցուցաբերելը»,– ընդգծել է Ծառուկյանը։

Նրա խոսքով` հայ մարզիկների հաջողությունները թիմային աշխատանքի արդյունք են։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի պարային համույթներ և էստրադայի աստղեր։ Ցուցադրվել է նաև ֆիլմաշար, որը պատմել է հայկական սպորտի զարգացման պատմության մասին։-0-