Բուբնովը պատմել է, թե ինչպես է բանտից փրկել Խորեն Հովհաննիսյանին

24.07.2015, 13:01
Անվանի խորհրդային ֆուտբոլիստ Ալեքսանդր Բուբնովը պատմել է sports.ru–ին, թե ինչպես 1974թ.–ին բանտից փրկել է լեգենդար հայ կիսապաշտպան Խորեն Հովհաննիսյանին։
Բուբնովը պատմել է, թե ինչպես է բանտից փրկել Խորեն Հովհաննիսյանին

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 24. /Նովոստի–Արմենիա/. Անվանի խորհրդային ֆուտբոլիստ Ալեքսանդր Բուբնովը պատմել է sports.ru–ին, թե ինչպես 1974թ.–ին բանտից փրկել է լեգենդար հայ կիսապաշտպան Խորեն Հովհաննիսյանին։

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Տաշքենդում միջազգային երիտասարդական մրցաշարի ժամանակ։

«Եթե ես չհայտնվեի ճիշտ տեղում ճիշտ ժամանակին, խորհրդային և հայ ֆուտբոլը կկորցներ Խորեն Հովհաննիսյանին։ Մրցաշարը տեղի է ունեցել Տաշքենդում։ Մենք այդ ժամանակ բնակվում էինք «Պախտակորի» ժամանակավոր բազայում։ Հավաքականին հատկացրել էին մի քանի քոթեջներ, ճաշարան և բիլյարդի սենյակ։ Ես քնած էի իմ համարում, պետք է կայանար ԳԴՀ–ի հետ հանդիպումը։ Եվ հանկարծ իմ սենյակ են մտնում երկու տղաներ. «Բուբա, գնա, այնտեղ ինչ–որ լուրջ բան է կատարվում»,– ասել է Բուբնովը։

«Ճանապարհին իմացա, որ բիլյարդի սենյակում վիճաբանության մեջ են մտել Վալերի Շավեյկոն և Խորեն Հովհաննիսյանը։ Առաջինը ոչ ոքից չէր վախենում։ Դաշտում ոչ իրեն, ոչ մյուսներին չէր խնայում։ Ի՞նչը կարող էր խոցել հային։ Հարավում, ինչպես հայտնի է, շատ բաներ չեն ներում։ Հատկապես եթե դու խոսում ես ծնողների մասին։ Շավեյկոն, հավանաբար, ինչ–որ բան էր դուրս տվել»,– հավելել է նա։

Բուբնովի խոսքով` հանդիպումը նշանակել էին հարևան քոթեջում։ «Երբ ես մտա, Վալերան արդեն այնտեղ էր։ Հավաքելով բոլոր հարավցիներին` Հովհաննիսյանը հայտնվեց մեկ րոպե անց։ Նկատեցի, որ Խորիկը թևքի մեջ դանակ է թաքցրել և սպասում է»,– պատմել է ֆուտբոլիստը։

Նրա խոսքով` նա իսկապես անհանգստանում էր Շավեյկոյի համար. նրան հետո էլ կարող էին վնասել։ «Եվ Խորիկի մասին էի մտածում։ Չէ՞ որ եթե դանակահարեր, բանտ էր ընկնելու։ Գնացի Եվգենի Լյադինի մոտ` գլխավոր մարզչի, և ամեն ինչ պատմեցի։ Նա իսկույն ժողով գումարեց և Խորիկին հեռացրեց»,– ասել է Բուբնովը։

Նա հավելել է, որ Հովհաննիսյանը նեղացել է, բայց, չնայած ոչ մի բանի, հարգել է։ «Թեև այդ արարքը կարող էին գնահատել որպես դավաճանություն, բայց ես ինքնահոսի չթողեցի գործը և կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել։ Քանի որ Խորիկը, իսկ ավելի ուշ Գազաևը, անդունդի եզրով էին գնում»,– կարծում է Բուբնովը։

«Հովհաննիսյանը դարձել է ականավոր ֆուտբոլիստ։ Նրան կարելի է համեմատել Գավրիլովի և Չերենկովի հետ։ Նա արտագնա խաղերում գրավել է արգենտինացիների դարպասը, որոնց թիմում աշխարհի 9 առաջնություններում խաղացել են Դիասը և Մարադոնան։ Նաև Հովհաննիսյանի շնորհիվ հավաքականը շահել է 1980թ. օլիմպիադայի բրոնզ»,– հավելել է նա։

Խորեն Հովհաննիսյանը ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատի» (1975-85) և Տաշքենդի «Պախտակորի» (1991) թիմերում։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ։

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1980), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976), ԽՍՀՄ 1976թ. գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1979-84-ին հանդես է եկել ԽՍՀՄ գլխավոր հավաքականում (37 խաղ, 8 գոլ)։ Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982) և խփել 1 գոլ։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։ 2010թ. մայիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: