Հայաստանի հավաքականի` Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելն իրական է. Գազաև

27.03.2015, 20:17
Հայաստանի հավաքականի` Եվրոպայի 2016թ.–ի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելն իրական է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց հայտնի խորհրդային ֆուտբոլիստ, ռուս մարզիչ Վալերի Գազաևը։
Հայաստանի հավաքականի` Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելն իրական է. Գազաև

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի` Եվրոպայի 2016թ.–ի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելն իրական է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց հայտնի խորհրդային ֆուտբոլիստ, ռուս մարզիչ Վալերի Գազաևը։

«Հեշտ չի լինի, սակայն Հայաստանի հավաքականում կան լավ խաղացողներ` Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելին։ Շատ լավ խաղացողներ գիտեմ։ Հայաստանը ֆանտաստիկ հանդիպումներ է ունեցել, սակայն հիմա, երևի, ինչ–որ բան պետք է փոխել», – ասաց Գազաևը։

Նրա խոսքով` Հայաստանի հավաքականի նպատակը պետք է լինի Եվրոպայի առաջնությունում հայտնվելը, և դա իրական է։

«Իսկ եթե նման խնդիր դրվի, ապա պետք է հաղթել Ալբանիայի հավաքականին», – ընդգծեց Գազաևը։

Եվրոպայի 2016թ.–ի առաջնության ընտրական փուլի շրջանակում Ալբանիա–Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 29–ին Ալբանիայի Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» մարզադաշտում։

Գազաևն այցելել է Երևան` Խորեն Հովհաննիսյանի 60–ամյակին նվիրված հոբելյանական հանդիպմանը մասնակցելու համար։

Աշխարհի և ԽՍՀՄ–ի հավաքականների վետերան աստղերի միջև ընկերական հանդիպումը տեղի կունենա Երևանի Հանրապետական մարզադաշտում մարտի 28–ին։ Այն նվիրված է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60–ամյակին։

Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից է։ Խաղացել է Երևանի «Արարատում» 1975-1985 թվականներին։ Աչքի է ընկել որպես խաղի հիանալի կազմակերպիչ, ով ունի զարմանալի տեխնիկա և առաջնորդի որակներ։ Գ. Ֆեդոտովի ակումբի անդամ է։ 35 խաղ է անցկացրել ԽՍՀՄ հավաքականում, 7 գնդակ է խփել։ 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր է։ 1976 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի չեմպիոն։ 1975 թվականի ԽՍՀՄ գավաթակիր, 1976 թվականի ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր։ 1982 թվականին մասնակցել է Իսպանիայի աշխարհի առաջնությանը` դառնալով Բելգիայի դարպաս ուղարկած գեղեցիկ գոլի հեղինակ։

Հայաստանի հավաքականը հայտնվել է միևնույն ընտրական խմբում Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հավաքականների հետ։ Խմբի առաջատարը Դանիայի հավաքականն է, որը չորս հանդիպման արդյունքում վաստակել է 7 միավոր։ Պորտուգալացիները 3 հանդիպման արդյունքում վաստակել են 6 միավոր։ Ալբանացիները 3 հանդիպման արդյունքում ունեն 4 միավոր։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Հայաստանի և Սերբիայի հավաքականները, որոնք երեք հանդիպման արդյունքում վաստակել են մեկական միավոր։–0–