Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը լրացուցիչ վիրահատությունների կարիք չունի, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։
Նազիկ Ավդալյանը ապրիլի 26-ին Հայաստանի հյուսիսում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ողնուղեղի վնասվածք էր ստացել: Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհին հաջող վիրահատության է ենթարկվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում նախորդ հինգշաբթի: Սա Ավդալյանի արդեն երկրորդ ավտովթարն էր, հունվարին ՃՏՊ-ի հետևանքով վնասվել էր մարզուհու մեքենան, սակայն նա որևէ վնասվածք չէր ստացել:
«Լրացուցիչ վիրահատությունների կամ արտերկրում բուժվելու կարիք չկա, քանի որ անհրաժեշտ վիրահատությունն արվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ հայտնի պրոֆեսոր Չարչյանի կողմից։ Հնարավոր ամեն ինչ արվել է, ինչը կանեին ցանկացած առաջատար արտերկրում»,- ասաց Քուշկյանը։
Ավդալյանի՝ մեծ սպորտ վերադառնալու հնարավորության մասին խոսելիս՝ նախարարը նշեց, որ նա պետք է լուրջ վերականգնողական բուժում անցնի և հատուկ միջոցառումներ տանի, որից հետո համապատասխան փորձագետները մարզային կարիերան շարունակելու հնարավորության մասին եզրակացություն կտան։
Միաժամանակ Քուշկյանը նշեց, որ օրերս այցելել է հիվանդանոցում գտնվող երկու հայ ծանրորդներին՝ և Նազիկ Ավդալյանին, և լեգենդար խորհրդային ծանրորդ Յուրի Վարդանյանին, և նրանք իրենց արդեն լավ են զգում։
«Նրանց առողջական վիճակը բավարար է, երկուսն էլ դեպի առողջացում են գնում։ Հուսով եմ, որ շուտով նրանք ոտքի կկանգնեն և կկարողանան դուրս գրվել հիվանդանոցից»,- ասաց նախարարը։
Հոկտեմբերի 8-ին Վարդանյանը վթարի էր ենթարկվել Երևան-Գյումրի մայրուղում և վիրահատվել էր «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Նա վնասվածքներ էր ստացել, աջ ազդրոսկրի փակ բազմաբեկոր կոտրվածք է ունեցել։ Վարդանյանն ապրիլին մեկնել էր Մոսկվա, որտեղ նրա ազդրում տեղադրված մետաղյա ձողը կոտրվել էր։ Երևանում նոր վիրահատության կարիք է զգացվել, սակայն վիրաբույժները ստիպված են եղել դադարեցնել այն՝ առաջացած բարդությունների պատճառով։ Տվյալ պահին բժիշկները Վարդանյանի վիճակը գնահատում են որպես կայուն ծանր։ Ծանրամարտիկը երկար ժամանակ կոմայի մեջ էր գտնվում:--0-