ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից:
Ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ, Վարդան Մինասյանը նաև հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից, որը նույնպես ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահին և ՀՖՖ Գործկոմին վստահության համար։ Շնորհակալ եմ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար: Ցանկանում եմ նորանոր հաջողություններ Հայաստանի ազգային հավաքականին», - ասել է Վարդան Մինասյանը:
Մինասյանը հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ապրիլի 10–ին։ Ավելի վաղ նա արդեն գլխավորել է հավաքականը։ Մինասյանն այդ պաշտոնին նշանակվել է 2010 թ.–ի փետրվարի 11–ին։ –0–