ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Օքսֆորդի բառարանն ընտրել է արդեն անցյալ` 2017 թվականի բառը` youthquake, որը նշանակում է «նշանակալից մշակութային, քաղաքական կամ սոցիալական փոփոխություն, որն առաջացել է երիտասարդների գործողությունների կամ ազդեցության արդյունքում»։ Այս մասին հաղորդում է
Interfax.ru–ն` հղում անելով բառարանի կայքում հրապարակված հայտարարությանը։
Բառարանի խմբագիրները նշել են, որ youthquake բառը 2017 թ.–ին, 2016 թ.–ի համեմատ, հինգ անգամ ավելի շատ է օգտագործվել։
Բառի օգտագործման առաջին գագաթնակետն արձանագրվել է 2017 թ.–ի հունիսին, երբ Մեծ Բրիտանիայում անցկացվեցին վաղաժամ խորհրդարանական ընտրությունները։ Պահպանողականներին չհաջողվեց ստանալ խորհրդարանական բացարձակ մեծամասնություն, ինչը, մասնավորապես, կապում են երիտասարդների կողմից Լեյբորիստական կուսակցությանն աջակցելու հետ։
«Youthquake» բառի օգտագործման երկրորդ գագաթնակետը սեպտեմբերին էր, երբ բառը տարածում գտավ Նոր Զելանդիայի քաղաքական գործիչների շրջանում, որտեղ անցկացվում էին խորհրդարանական ընտրություններ։
«Youth» (անգլ. «երիտասարդություն») և «quake» (անգլ. ցնցում, երկրաշարժ) բառերից կազմված եզրույթն առաջին անգամ օգտագործել է Vogue–ի գլխավոր խմբագիր Դիանա Վրիլանդը 1965 թ.–ին։
Օքսֆորդի բառարանի կարճ ցանկում են ներառվել նաև antifa բառը, որը նշանակում է հակաֆաշիստների շարժում, gorpcore հագուստի ոճը, ինչպես նաև kompromat բառը։–0–