Վանդալիզմ Էջմիածնում. ծառահատման կադրեր են տարածվել (ՎԻԴԵՈ)

07.05.2020, 20:41
Վանդալիզմ Էջմիածնում. ծառահատման կադրեր համացանցում և քաղաքապետարանի արձագանքը. ՎԻԴԵՈ
Վանդալիզմ Էջմիածնում. ծառահատման կադրեր են տարածվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Facebook-յան օգտատերերից մեկը տեսանյութ է տեղադրել իր էջում, որտեղ երևում է, թե ինչպես են ծառահատումներ իրականացվում։ Ըստ տեսանյութի հեղինակի՝ ծառահատումներն իրականացվում են Էջմիածին քաղաքում։ Նա դա անվանել է «վանդալիզմ քաղաքապետի մակարդակով»։

«Էջմիածնում տեղի են ունենում ապօրինի ծառահատումներ։ ՀՀ բարձրագույն իշխանություններին ես կոչ եմ անում, որպեսզի կարգի հրավիրեն իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչ Դիանա Գասպարյանին, իսկ Դիանա Գասպարյանին կոչ եմ անում պատրաստել իր հրաժարականի տեքստը և հեռանալ քաղաքի կառավարումից, որովհետեւ Էջմիածնում եղած վերջին կանաչ գոտիները հիմա էլ նրա թեթև ձեռքով են ոչնչացվում»,– ասում է օգտատերը։

Նրա խոսքով՝ տեսանյութում երևացող մարդկանցից մեկը քաղաքի բնապահպանն է. «Մեր ընկեր Պողոսյանն է, հեռու կանգնած ծխում է, տեսնում է, թե ոնց են քաղաքը վարի տալիս։ Ափսոս չե՞ն այս ծառերը»։

Որոշ ժամանակ անց, Էջմիածնի քաղաքապետարանը բացատրել է տեսանյութում ցուցադրված ծառահատումները։

«Տեղեկացնում ենք, որ Վռամ Կոստանյան փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգումից հետո, գարնանային ծառատունկի շրջանում մեկնարկել են փողոցի կանաչապատման աշխատանքները: Այս մասին տեղեկատվությունը ապրիլի 19-ին հրապարակվել է քաղաքապետարանի պաշտոնական էջերում»,- ասվում է Էջմիածնի քաղաքապետարանի Facebook-յան էջում կատարված գրառման մեջ։

Ըստ քաղաքապետարանի՝ փողոցի մայթեզրերի կանաչ հատվածների բարեկարգման աշխատանքների շրջանակում կատարվել են հողի կազմվածքի ու բերրիության բարելավման աշխատանքներ, հանվել է փողոցի երկայնքով տնկված 4 մեծ ու հիվանդ ծառ: Միատեսակ կանաչապատում ապահովելու համար հանվել են նաև մի քանի նորատունկ երիտասարդ ծառեր: Դրանց փոխարեն տնկվել է 2 անգամ ավելի շատ ծառ՝ գնդաձև կատալպաներ, որոնք բարձրորակ ծառատեսակներ են և աճում են արագ:

«Ըստ Էջմիածնի կանաչապատման ծրագրի` յուրաքանչյուր փողոցում պետք է լինեն միատեսակ ծառատեսակներ՝ բույսերի և ծառերի նպատակային ընտրությամբ։ Ուստի, վստահեցնում ենք, որ կանաչապատման ծրագրով ոչ միայն կհաջողվի բարելավել քաղաքի արտաքին տեսքը, այլև կառողջացվի քաղաքի օդային ավազանը»,- նշվում է Էջմիածնի քաղաքապետարանի հայտարարության մեջ։-0-