Քոչարյանի փաստաբանը հայտնել է նախկին նախագահի առողջական վիճակի մասին

17.03.2020, 16:34
Քոչարյանի փաստաբանը հայտնել է նախկին նախագահի առողջական վիճակի մասին
Քոչարյանի փաստաբանը հայտնել է նախկին նախագահի առողջական վիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․ /Նովստի-Արմենիա/․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը երեքշաբթի լրագրողներին հայտնեց նախկին նախագահի առողջական վիճակի մասին:

Քոչարյանը հոսպիտալացվել է մարտի 8-ին, բժիշկները նրա մոտ ախտորոշել են սուր վեստիբուլոպաթիա, 3-րդ աստիճանի զարկերակային գերճնշում, բարձր սրտանոթային ռիսկ ունեցող սրտի ռիթմի խախտում, ինչը անբարենպաստ է դարձնում հիվանդին տեղափոխելը՝ բժշկական նկատառումներով:

«Ես չեմ կարող նորմալ անվանել պարոն Քոչարյանի առողջական վիճակը, քանի որ, ինքներդ եք հասկանում, որ նա գտնվում է հիվանդանոցում, նշանակում է, որ նա դեռ ամբողջությամբ չի վերականգնվել, և կան ցուցումներ ստացիոնար բուժման համար»,-ասաց նա դատարանի դահլիճում:

Ալումյանն ընդգծեց, որ էթիկական պատճառներով նա չի կարող ավելի մանրամասն պատմել Քոչարյանի վիճակի մասին, սակայն առողջության կտրուկ վատթարացման համատեքստում «առաջ են գալիս մի շարք հարցեր, որոնց պատասխանները մենք կփորձենք գտնել»:

«Ինձ մոտ շատ լուրջ հարց է ծագում, որի պատասխանը կփորձեմ գտնել. Ինչպե՞ս եղավ, որ հանկարծակի բացարձակ առողջ մարդը հայտնվեց այս վիճակում», - ասաց փաստաբանը:

Նախկին նախագահ Քոչարյանին և «Մարտի 1-ի գործով» մնացած մասնակիցներին՝ Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու համար (2008 թ. Մարտի 1-2-ը տեղի ունեցած անկարգությունների գործով):-0-