Կաթողիկոսի Վեհարանն է վերաբացվել Էջմիածնում հիմնանորոգումից հետո (ՖՈՏՈ)

18.09.2019, 18:33
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոսի վեհարանն է բացվել երեքշաբթի ռեստավրացիոն աշխատանքներից հետո։
Կաթողիկոսի Վեհարանն է վերաբացվել Էջմիածնում հիմնանորոգումից հետո (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոսի վեհարանն է բացվել երեքշաբթի ռեստավրացիոն աշխատանքներից հետո։ Ամբողջությամբ վերականգնվել և արդիականացվել է Վեհարանի ներքին հարդարումը։

Այնտեղ այժմ կա պաշտոնական ընդունելությունների սրահ, որը միավորված է Վեհարանի հետ երկու պատկերասրահներով, ինչպես նաև Սրբոց Հայրապետաց մատուռը։ Ռեստավրացիոն աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 30 մլն դոլար։

Ինչպես լրագրողներին հայտնեց Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի ղեկավար, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, վերականգնողական աշխատանքները սկսվել են 2010 թվականին, իսկ բարերարներն են` ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը տիկնոջ հետ։

 - рис.1

«Սա հայ պատրիարքների Վեհարանի երրորդ ծնունդն է, որը համահունչ է ժամանակի ոգուն և արդիականության պահանջներին։ Նոր դիզայնը, ինչպես նաև բոլոր սրահների հարդարումը թույլ կտան ոչ միայն խոշորագույն միջոցառումներ անցկացնել, մեծ թվով հյուրեր ընդունել, այլ նաև էքսկուրսիաներ անցկացնել զբոսաշրջիկների և դպրոցականների համար»,– նշեց Բաբայանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և պահոցների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանն իր հերթին նշեց, որ Էջմիածնի համար հատուկ նշանակություն ունի պաշտոնական ընդունելությունների դահլիճի կառուցումը, ինչը թույլ կտա միաժամանակ ընդունել ավելի քան 600 հյուրեր, ինչպես նաև մատուռը, որի նախագծի հեղինակն ակադեմիկոս, ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն է։

«Բարերարների օգնությամբ իրականացրած հարդարման աշխատանքների միջոցով կներկայացվեն նաև հայ կաթողիկոսներին փոխանցված եզակի ընծաները։ Ավելին, Վեհարանի բոլոր սրահները զարդարում են կամ հայ, կամ Հայաստանի հետ կապված գեղանկարիչների արվեստի գործերը»,– ասաց Կարապետյանը։

 - рис.2

Ներկայացված գործերը պատկանում են Այվազովսկու, Հովնաթանյանների, Մինաս Ավետիսյանի, Ստեփանոս Ներսիսյանի, Վարդգես Սուրենյանցի վրձնին։

Թանգարանի տնօրենը կարևորեց նաև հայրապետական գրադարանի վերանորոգումը, որտեղ պահվում են հայերեն լեզվով բացառիկ աշխատություններ և հրապարակումներ, որոնցից որոշները թվագրվում են 18–րդ դարով։

 - рис.3

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց Կարապետյանների ընտանիքին Վեհարանի ռեստավրացիայի գործում ունեցած ավանդի համար` ընդգծելով այդ քայլի հատուկ նշանակությունը հայկական մշակույթի գանձերի պահպանության համար։

«Հայ ժողովուրդը միշտ թրթիռով է վերաբերվել Սուրբ Էջմիածնին, որպես հատուկ սրբավայրի։ Դարեր շարունակ այն ընծաներ է ստացել, նորոգվել բարերարների կողմից և նոր տեսք ստացել։ Կարապետյանների ընտանիքի շնորհիվ մենք հնարավորություն ստացանք տեսնել պատմական բացառիկ շենք հանդիսացող Վեհարանի նոր տեսքը»,– ընդգծել է Հայրապետը։

Գարեգին Երկրորդն ընդգծել է, որ վեհարանի դռները միշտ բաց են ժողովրդի առջև, և յուրաքանչյուր ոք կարող է դիմել պատրիարքին ցանկացած խնդրանքով։

«Այդ առաքելությունը Հայ առաքելական եկեղեցու անբաժան մասն է, վեհարանը ողջ ժողովրդի հայրենական տունն է»,– ասաց նա։

 - рис.4

Կաթողիկոսը նշեց նաև Հայաստանի հոգևոր ժառանգության պահպանման անհրաժեշտությունը, հիշեցնելով, որ շատ եկեղեցիներ դեռևս վերականգնման կարիք ունեն։

 - рис.5

Վեհարանի շենքի կառուցումը սկսվել է 1910 թվականին հայ հայտնի մեկենաս Ալեքսանդր Մանթաշևի և Մատթեոս Բ Ամենայն Կաթողիկոսի նախաձեռնությամբ, սակայն նրանք այդպես էլ չհասցրին տեսնել դրա բացումը 1914 թվականին։ Հայաստանի խորհրդայնացումից հետո շենքը ծառայել է զորամասի կենցաղային կարիքների համար։ Միայն Վազգեն Ա Կաթողիկոսի ջանքերի շնորհիվ այն վերադարձվել է հայ պատրիարքներին և վերականգնվել 1958-1962 թվականներին։ -0-