Կաննի կինոփառատոնում ֆիլմ է ներկայացվել Շառլ Ազնավուրի մասին

22.05.2019, 18:57
Ֆրանսահայ լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրի կյանքի մասին վավերագրական ֆիլմ է ներկայացվել այս օրերին Ֆրանսիայում անցկացվող Կաննի կինոփառատոնում։
Կաննի կինոփառատոնում ֆիլմ է ներկայացվել Շառլ Ազնավուրի մասին
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսահայ լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրի կյանքի մասին վավերագրական ֆիլմ է ներկայացվել այս օրերին Ֆրանսիայում անցկացվող Կաննի կինոփառատոնում։ «Շառլ. Հատուկ հայացք» կինոժապավենի ներկայացումը կայացել է փառատոնի տարածքում «Ռոսկինո»–ի կազմակերպած ռուսաստանյան տաղավարում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ֆիլմի պրոդյուսերներն են` Շառլ դը Մոն, Միշա Ազնավուրը և Սերգեյ Սարկիսովը, իսկ ռեժիսորը Մարկ դը Դոմենիկոն է։ Լրագրողներին և հյուրերին ցուցադրվել են հենց մաեստրոյի արած տեսակադրերն իր հյուրախաղերի, ճամփորդությունների, արտիստների և իրեն հարազատ մարդկանց հետ շփման ընթացքում։

«Ռոսկինո»–ի մամուլի ծառայությունից նշել են, որ «քչերին է հայտնի մեծ շանսոնիեի այս զբաղմունքի մասին` Ազնավուրը բացառիորեն չէր բաժանվում տեսախցիկից, նկարում էր իրեն, իր մտերիմներին, լեգենդար արտիստների հետ զրույցները։ Ազնավուր ընտանիքի արխիվի բացառիկ նյութն ավելի վաղ չէր ներկայացվել հանրությանը»,– նշել են «Ռոսկինո»–ում։

Загружается новость ... "Лево"

Ֆիլմի համար երաժշտությունը հավաքվել է 50–ական թվականների ձայնագրություններից։ Ժապավենում ընդգրկվել են Ազնավուրի` ինչպես հայտնի, այնպես էլ ոչ այնքան ճանաչված ստեղծագործությունները։

«Սա վեպ է կյանքի, մանկության, ճամփորդությունների, հանդիպումների, անհաջողությունների, հաջողությունների, ուրախությունների, տխրության, վախերի, համարձակության և, ամենից առաջ, սիրո մասին»։

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը հեռացավ կյանքից 2018 թվականի հոկտեմբերի 1–ի լույս գիշերը Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Նրա վերջին կամքի համաձայն` շանսոնիեն հուղարկավորվել է Ֆրանսիայում, ծնողների կողքին։ -0-