Խոլեստերին` բարեկա՞մ, թե՞ թշնամի

07.01.2020, 19:00
Խոլեստերին` բարեկա՞մ, թե՞ թշնամի. տարածված կարծիքին ի հակառակ` խոլեստերինը բոլորովին էլ տոքսին չէ, և ոչ էլ վնասակար նյութ: Խոլեստերինը մեզ համար կենսական նշանակություն ունի
Խոլեստերին` բարեկա՞մ, թե՞ թշնամի
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Տարածված կարծիքին ի հակառակ` խոլեստերինը բոլորովին էլ տոքսին չէ, և ոչ էլ վնասակար նյութ: Խոլեստերինը մեզ համար կենսական նշանակություն ունի` դա մեր օրգանիզմի հիմնական ճարպերից է, գրում է АиФ-ը: Այն, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է, օրինակ, տղամարդու սեռական հորմոնների, ինչպես նաև կնոջ սեռական հորմոնի` էստրոգենի սինթեզման համար, ինչն էլ վերարտադրություն ֆունկիցիայի համար անփոխարինելի նշանակություն ունի:

Այն նաև բջջաթաղանթի բաղադրիչն է: Խոլեստերինը D խմբի վիտամինների և մարսողության համար անհրաժեշտ լեղաթթուների նախատիպն է: Եվ վերջապես, մարդու ուղեղի խիտ զանգվածի մոտ 10 տոկոսը խոլեստերին է:

Եվ այդ ինչպե՞ս ստացվեց, որ այդքան օգտակար, պիտանի նյութը դարձավ մարդկության թշնամին: Նախորդ դարի կեսերին գիտնականները պարզեցին, որ խոլեստերինի ավելցուկը կուտակվում է բջջաթաղանթներում և անոթների պատերին: Մի դեպքում դժվարանում է բջջային փոխանակությունը, մյուսում` խոլեստերինային բշտեր են առաջանում:

Загружается новость ... "Лево"

Ժամանակի ընթացքում այդ բշտերում սկսում են կուտակվել կալցիումի աղեր, և այն կարծրանում է: Արդյունքում անոթի բացվածքը նեղանում է, խախտվում է արյան շրջանառությունը, դանդաղում է թթվածնի տեղափոխումը և ածխաթթու գազի հեռացումը հյուսվածքներից: Ապացուցված է, որ խոլեստերինի բարձր մակարդակն աթերոսկլերոզի զարգացման գլխավոր գործոններից է, իսկ դա իր հերթին բարձրացնում է ինֆարկտների և ինսուլտների հավանականությունը:

Փրկվեք, թե կարող եք

Բժիշկները սկսեցին դեղամիջոց փնտրել դրա դեմ: ԱՄՆ-ում, իսկ այնուհետև նաև այլ երկրներում ընդունվեց աթերոսկլերոզի դեմ պայքարի համազգային ծրագիր, սկսեց զարգանալ անխոլեստերինային սննդակարգի ինդուստրիան:

Սակայն շուտով պարզվեց, որ այդպիսի սննդակարգը… չի աշխատում: 90-ական թվականներին Կալիֆորնիայի համալսարանում հետազոտություն անցկացվեց անխոլեստերինային խմբի և խոլեստերինի սովորական պարունակությամբ սնունդ օգտագործող խմբերում: Պարզվեց, որ փորձի մասնակիցների արյան ցուցանիշները գրեթե չէին տարբերվում: Գիտնականները եկան եզրակացության, որ խոլեստերինի 80 տոկոսն արտադրվում է հենց օրգանիզմում, և միայն մյուս մասն ենք մենք ստանում սննդից: Որքան քիչ է խոլեստերինը սննդում, այնքան ավելի ակտիվ է այն սինթեզվում լյարդում: Այսինքն` սննդակարգից խոլեստերինն ամբողջությամբ հանելն անիմաստ է և նույնիսկ` վտանգավոր:

Ի՞նչ անել

Սրտի կաթվածների և ինսուլտների գլխավոր կանխարգելումը բժիշկներն առաջվա պես համարում են կենսակերպի փոփոխությունը: Հրաժարվեք ծխելուց, ավելի շատ շարժվեք, ազատվեք ավելորդ քաշից, սկսեք ճիշտ սնվել, և ամեն ինչ լավ կլինի: Իհարկե, կան մարդիկ, որոնց լյարդը չափազանց մեծ քանակությամբ խոլեստերին է արտադրում (հիպերխոլեստերինեմիա)` պայմանավորված գենետիկ առանձնահատկություններով: Այս դեպքում սրտաբանն առաջարկում է դեղորայքային բուժում: Սակայն հիմնականում առողջարար միջոցառումները բավարար են:

Բայց եթե ծխելու և ֆիզիկական ակտիվության հարցում ամեն ինչ, կարծես, հասկանալի է, ապա ի՞նչ նկատի ունեն մասնագետները «ճիշտ սնվել» ասելով:

«Եթե նայենք աշխարհի քարտեզին, ապա ակնհայտ է դառնում, որ աթերոսկլերոզի համաճարակը մոլեգնում է այն երկրներում, որտեղ բնակչությունը սնվում է հիմնականում կենդանական ծագման սննդամթերքով, - ասում է ակադեմիկոս, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Ռաֆայել Օհանովը: - Դա Ռուսաստանն է, Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներ, Ամերիկան, Կանադան, Ավստրալիան: Համաճարակ չկա այնտեղ, որտեղ բնակչությունը սնվում է հիմնականում ծովամթերքով կամ բուսական ծագման մթերքով: Խոսքը Ճապոնիայի, Չինաստանի, մի շարք միջերկրածովյան երկրների մասին է ...»։

Խոլեստերինի մակարդակը վերահսկելու համար պետք է սնվել առողջ, նվազագույն մշակման ենթարկված մթերքներով: Սննդակարգում պետք է ավելի շատ լինեն թարմ բանջարեղեն և մրգեր, և ավելի քիչ միս (բայց պետք է ամբողջովին բացառել!): Ի դեպ, ամենից շատ խոլեստերինը ոչ թե մսի, այլ ձկնկիթի և պանրի մեջ է, այնպես որ, դրա հետ ավելի զգույշ եղեք: Իսկ ահա հավկիթները, տարածված կարծիքին ի հակառակ, վտանգավոր չեն: Դեռ 20 տարի առաջ դրանք համարվում էին խոլեստերինի գլխավոր աղբյուր, որն իսկապես այնտեղ քիչ չէ, բայց բոլորովին վերջերս գիտնականները հայտնաբերել են, որ հավկիթը պարունակում է նաև խոլեստերինի անտագոնիստ լեցիտին, այն էլ` հինգ անգամ ավելի: Այնպես որ շաբաթական 2–3 հավկիթ ուտելը բոլորովին վտանգավոր չէ առողջության համար: -0-