ՀՀ–ում Չինաստանի դեսպանը կանխատեսել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացման մոտավոր ժամկետները

31.01.2020, 20:47
ՀՀ–ում Չինաստանի դեսպանը կանխատեսել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացման մոտավոր ժամկետները
ՀՀ–ում Չինաստանի դեսպանը կանխատեսել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացման մոտավոր ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին` քննարկելու նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Դեսպանը հայտնել է, որ իրավիճակը բարդ է, սակայն` կայուն: Չինաստանի մասնագետների կարծիքով` տագնապը կարող է տևել մեկ շաբաթ, այնուհետև կկայունանա: Թիան Էրլուն նշել է, որ հիվանդության առումով հիմա գագաթնակետն է, բայց վերահսկելի: Նա վստահեցրել է, որ ձեռնարկվում  են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն այն հաղթահարելու համար: Միաժամանակ, դեսպանն ընդգծել է, որ իրենց երկիրը բաց է միջազգային համագործակցության համար:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանում կատարվող գործողություների վերաբերյալ տեղեկատվություն տրամարդրելու համար և հավելել, որ վարչապետի որոշմամբ այս խնդրի կապակցությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և այսօր կայացել է անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, կատարված քայլերն ու անելիքները:

Նշենք, որ Չինաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ պայմանավորված նոր կորոնավիրուսներով (2019-nCoV): Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` (30.01.2020թ.) Չինաստանում արձանագրվել է 12167 կասկածելի, 7736 հաստատված դեպք` 170 մահվան ելքով: Չինաստանի մի շարք քաղաքների նկատմամբ սահմանված կարանտինը դեռևս շարունակվում է: 

Բացի Չինաստանից` դեպքեր են արձանագրվել նաև այլ երկրներում, այդ թվում եվրոպական տարածաշրջանի: Աշխարհում, ըստ ԱՀԿ հայտարարության, գրանցվել է 7818 հաստատված դեպք:

Загружается новость ... "Лево"

Հունվարի 31-ի դրությամբ ԱՀԿ-ն հայտարարել է «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»: 

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1֊ից մինչ մարտի 31֊ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը:

Հարկ է նշել, որ ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացվել է Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ հսկողությունը, գործընթացում ներգրավվել են նաև առողջապահության նախարարության մասնագետները: Ժամանող ուղևորները ջերմաչափվում են, վերջիններիս նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն՝ 14 օրյա ժամկետով: Այս օրերի ընթացքում ժամանողների շրջանում ձեռնարկված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ջերմող հիվանդներ՝ հաշվի առնելով նրանց համաճարակաբանական վերհուշը մեկուսացվել են և կազմակերպվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Արդյունքում` հաստատվել են միայն սուր շնչառական և այլ վարակների հարուցիչներ:

Նշենք, որ ժամանողների նկատմամբ, եթե նրանք ժամանման պահին չունեն առողջական խնդիրներ, մասնավորապես՝ ջերմություն, ապա հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները՝ սահմանափակող որևէ միջոցառում իրականացնելու անհրաժեշտություն չկա:

Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.

  •  միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, 
  •  եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա
  • խուսափե´ք կամ  բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից,
  •  օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,
  •  խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
  •  մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
  •  օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
  •  լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
  •  գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

եթե վերադարձել եք Չինասատնից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:–0–