2024-ին ավելացել են հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը․ տվյալներ
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 462 նոր դեպք, հայտնել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ Աննա Մերգելյանը։
«Հայաստանում տարեկան հայտնաբերվում է միջինը 500-535 հիվանդության դեպք։ Հայաստանում վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է 1988 թվականին, որից հետո մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը արձանագրվել է 6076 ՄԻԱՎ վարակի դեպք, որից 438-ը՝ օտարերկրյա քաղաքացիների մոտ»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Մերգելյանը։
Նրա խոսքով՝ գիվանդների 70% արական սեռի ներկայացուցիչներն են։ Դեպքերի գրեթե կեսը՝ 48%-ը, հիվանդության պահին 25-39 տարիքային խմբում են եղել, այսինքն, սեռական ակտիվություն ունեցող մարդիկ։
Ընդ որում նա տեղեկացրել է, որ Հայաստանում վերջին տարիներին այս միտումները փոխվում են, օրինակ՝ 2024թ.-ի ընթացքում հետերոսեքսուալ ճանապարհով հիվանդացության դեպքերը հասել են 81%-ի, հոմոսեքսուալ ճանապարհով ՝ 12%-ի, թմրամիջոցների ներարկային ճանապարհի միջոցով՝ 6%-ի։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանն էլ իր հերթին հայտնեց, որ բոլոր գործընթացները` սկսած հետազոտություններից մինչև ախտորոշում և բուժում, Հայաստանում իրականացվում է անվճար հիմունքներով ոչ միայն քաղաքացիների համար, այլև օտարերկրացիների։