Ու՞ր գնալ Ամանորին երեխաների հետ Երևանում

22.12.2018, 17:47
Ներկայացնում ենք միջոցառումների և հարթակների ընտրանի, որտեղ կարելի է հետաքրքիր ժամանակ անցկացնել երեխաների հետ։
Ու՞ր գնալ Ամանորին երեխաների հետ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Առջևում Ամանորյա տոներն ու դպրոցական արձակուրդներն են, և բոլոր ծնողների մոտ մի հարց է ծագում` ու՞ր տանել երեխաներին և ինչպե՞ս զբաղեցնել տոնական օրերին։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է միջոցառումների և հարթակների ընտրանի, որտեղ կարելի է հետաքրքիր ժամանակ անցկացնել երեխաների հետ։ 

Տոն բաց երկնքի տակ

 - рис.1

Այս տարի Երևանի քաղաքապետարանն, ըստ ավանդույթի, պատրաստել է տարբեր տոնական միջոցառումներ, այդ թվում` երեխաների համար։ Օրինակ, արդեն բացվել է «Կարապի լճի» սահադաշտ։ Հյուսիսային պողոտայում բացվել է Ամանորյա և Սուրբծննդյան տոնավաճառը։ 

Բացի այդ, Քանաքեռ համայնքում սկսել է գործել «Ձմեռային այգին», որտեղ կա Սանտայի տնակը, սառցե քանդակներ, կարուսելներ և սահադաշտ։ Բոլոր ցանկացողները կարող են հյուրընկալվել Սանտային, լուսանկարվել, համտեսել քաղցրավենիք։ 

Մայրաքաղաքում հիմնական տոնական միջոցառումները սկսվել են դեկտեմբերի 21–ին, երբ Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը և կազմակերպվեց տոնական համերգ։ Ակնկալվում է, որ Ամանորյա գիշերը երկրի գլխավոր տոնածառի մոտ կանցկացվի տոնական համերգ բոլոր երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար, իսկ ուղիղ կեսգիշերին երևանյան երկինքը կլուսավորվի տոնական հրավառությամբ։ 

Թանգարաններ 

 - рис.2

Այս տարի հայկական թանգարաններն իրենց դռները կբացեն այցելուների առաջ Ամանորյա օրերին։ Օրինակ, Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող թանգարանները, որոնք սովորաբար չեն աշխատում տոնական օրերին, կբացեն իրենց դռներն այցելուների համար։ Մասնավորապես, հունվարի 3–5–ը, ժամը 12։00–ից մինչև 16։00–ն այցելուների համար բաց կլինեն Երևանի պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը, Ռուսական արվեստի թանգարանը, Գրականության թանգարանը, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Օրբելի եղբայրների տուն–թանգարանները, ինչպես նաև Երվանդ Քոչարի և Սերգեյ Փարաջանովի թանգարանները։ Տոնական օրերին կարելի է այցելել «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարանները։ 

Ամանորյա զբոսանք 

 - рис.3

Այս տոների նորամուծությունը կդառնան անվճար տոնական տուրերը Երևանով, որոնք կանցկացվեն դեկտեմբերի 24–ին, 26–ին և 29–ին Կասկադի մոտակայքից։ Քայլարշավի ընթացքում, որոնցից յուրաքանչյուրը կտևի մոտ մեկուկես ժամ, կներկայացվի ոչ միայն Երևանի պատմությունը, այլև տուրի մասնակիցները կայցելեն Երևանի հիմնական տեսարժան վայրերը։ 

Տոնական բոլոր օրերին` մինչև դեկտեմբերի 30–ը ներառյալ և հունվարի 2–ից կգործեն տեղեկատվական կենտրոններ, որտեղ Երևանի հյուրերը կկարողանան ծանոթանալ մայրաքաղաքում կազմակերպվող բոլոր միջոցառումներին։ Անոնսները կհրապարակվեն նաև Երևանի քաղաքապետարանի կայքում։ 

Ինչ են առաջարկում թատրոնները 

 - рис.4

Թատրոններում, մշակութային կենտրոններում և համերգասրահներում ամանորյա ներկայացումներ կարելի է դիտել դեկտեմբերի 20–30–ը, ինչպես նաև հունվարի 3–13–ը։

Ամանորին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն իր հանդիսատեսին առաջարկում է «Սառցե թագուհի» երաժշտական պիեսը։ 

«Մոսկվայի տունը» հրավիրում է «Կառնավալ Ձմեռ պապի մոտ» երաժշտական ներկայացմանը, ինչպես նաև ժամանցային ծրագրի տոնածառի մոտ ու համեղ հյուրասիրության։

Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը երեխաներին կներկայացնի «Բևեռային ճեպընթաց» երաժշտական ներկայացումը։

Պետական կամերային երաժշտական թատրոնը կներկայացնի «Նվեր Ձմեռ Պապիկին» ամանորյա երաժշտական ներկայացումը։ 

Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոնը հանդիսատեսին կառաջարկի «Հրաշք որոնելիս» ամանորյա ներկայացումը։ 

Պատանի հանդիսատեսի թատրոնը կներկայացնի «Գեղեցկուհին և հրեշը» ներկայացումը։ 

Պարոնյանի անվան երգի պետական թատրոնը փոքրիկներին առաջարկում է «Ձյունապատ տանիքների հեքիաթը» ամանորյա երաժշտական ներկայացումն` ըստ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթի։ 

Երգի պետական թատրոնը կներկայացնի «Ամանորյա հեքիաթ» ինտերակտիվ մյուզիքլը։ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը կներկայացնի «Էլֆերի կախարդական դպրոցը» ամանորյա հեքիաթային ներկայացումը։ Խամաճիկների պետական թատրոնը` «Մարդուկ–ջարդուկը» ամանորյա բեմադրությունը։ Արամ Խաչատրյան համերգասրահում կբեմադրվի «Կախարդական Ամանոր» երաժշտական հեքիաթ–ներկայացումը։–0–