«Հաղթանակ». Շերի, Սերժ Թանկյանի և Արսինե Խանջյանի էմոցիոնալ արձագանքը Սենատում Ցեղասպանության բանաձևի ընդունմանը

13.12.2019, 18:41
Աշխարհահռչակ  հայերը երախտագիտություն են հայտնում ԱՄՆ-ի Սենատին` Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար:
 «Հաղթանակ». Շերի, Սերժ Թանկյանի և Արսինե Խանջյանի էմոցիոնալ արձագանքը Սենատում Ցեղասպանության բանաձևի ընդունմանը

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ հայերը երախտագիտություն են հայտնում ԱՄՆ-ի Սենատին` Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար:

ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունեց 150 բանաձևը, որը մասնավորապես, դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, վկայում ԱՄՆ կառավարության կողմից այս ոճրագործության ճանաչման և հիշատակման մասին, նպաստում Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ կրթական ծրագրերին` մեր օրերում նման ոճրագործությունների կրկնումից խուսափելու համար:

Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) չի կարողացել զսպել զգացմունքները` իմանալով այդ իրադարձության մասին:

«Օ՜, Աստվա՜ծ իմ: ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունում: Ատված օրհնի աշխարհասփյուռ հայությանը»,- գրել է նա իր Twitter-յան էջում:

Հայտնի երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Սենատի որոշումն անվանել է պատմական:

«Ապշեցուցիչ հաղթանակ և Սենատի պատմական որոշում: Իմ տատերի և պապերի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր պայքարել են այս օրվա համար, այդ թվում` System Of A Down-ի իմ եղբայրներին: Եկել է արդարությունը ճանաչելու ժամանակը»,- գրել է նա իր Facebook-յան էջում:

Загружается новость ... "Право"

Դերասանուհի, ծագումով հայ, հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը` Արսինե Խանջյանը, շնորհակալություն է հայտնել, բոլոր նրանց, ովքեր երկար տարիների ընթացքում աջակցել են Ցեղասպանության ճանաչման գործընթացին:

«Պատմական հաղթանակ է բոլոր հայերի համար: Շնորհակալություն բոլորին, ովքեր տասնամյակների ընթացքում աշխատել են` այս պահը հնարավոր դարձնելու համար: Ես հատկապես շնորհավորում եմ բոլոր պատմաբաններին, գիտնականներին, նկարիչներին, ակտիվիստներին և այն կազմակերպություններին, որոնք չնայած ամենին, առաջ են տարել Հայոց Ցեղասպանության հետազոտությունը, ուսումնասիրությունը և տարածումը` աշխարհի ուշադրությունը դեպի ճիշտը, արդարությունը և մարդու իրավունքները գրավելու համար»,- գրել է նա իր Facebook-յան էջում:-0-