ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի գործարար, Reddit ամերիկյան հայտնի պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատմել է Shakmat (Շախմատ) կոնյակի իր ապրանքանիշի մասին
Food&Wine պորտալին։
«Ես կուզեի այն (կոնյակի արտադրությունը) նվիրել հեղափոխությանը, բայց Shakmat–ի արտադրության մեկնարկը տրվել է հեղափոխությունից շատ առաջ։ Այժմ երկիրն ավելի քան երբեք պատրաստ է իր բարիքները կիսել աշխարհի հետ։ ԱՄՆ–ում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում կա Սյուռք, որը շատ վաղուց հայկական կոնյակ է խմում»,– ասել է նա։
Օհանյանը նշել է նաև հայկական կոնյակի առանձնահատկությունը։
«Հայաստանում չկան մեծ բնական ռեսուրսներ, բայց մենք ունենք մի քանի հարյուր տեսակի խաղող։ Գինեգործության շատ տեսակներ չեն փոփոխվել հազար տարվա ընթացքում։ Կոնյակը պատրաստելիս օգտագործվում են խաղողի հայկական տեսակներ, իսկ տակառների համար Հայաստանի էնդեմիկ ծառատեսակներից մեկը`կաղնին»,– ասել է նա։
Օհանյանը նշել է նաև, որ սիրում է կոնյակ խմել հայկական ծիրանով։
«Պարզապես հանում ես կորիզը և ծիրանն օգտագործում ես որպես բաժակ։ Հայկական ծիրան Ֆլորիդայում գտնելը բարդ է, այդ պատճառով կոնյակը մուգ շոկոլադով եմ խմում։ Բայց դա կարևոր է անել սիրած մարդկանց հետ»,– ասել է նա։
Օհանյանը նոյեմբերի 13–ին ներկայացրել է կոնյակի իր ապրանքանիշը։ 23–ամյա հնեցման և 40 տոկոս թնդության խմիչքը միավորում է Հայաստանի երկու ազգային գանձերը` շախմատն ու կոնյակը։ -0-