Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

29.04.2017, 11:27
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Ռեալ Սոլթ Լեյքի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում, հաղորդում է armsport.am կայքը:

Ֆիլմի դիտումից հետո Մովսիսյանը խոսել է վերջինիս պատմական կարևորության, իր արձագանքի և զգացողությունների մասին:

«Մենք պայքարող ազգ ենք: Մենք մի ազգ ենք, որը ցեղասպանություն է տեսել: Մեր հաղթանակը կլինի փրկությունը: «Խոստումը» ֆիլմի ստեղծմամբ վերջապես մեծ էկրաններին ներկայացվեց Ցեղասպանության իրական պատմությունը, այն, թե ինչ է իրականում տեղի ունեցել 102 տարի առաջ», - ասել է հայ ֆուտբոլիստը:


Նրա խոսքով, հայերի համար դա շատ կարևոր է, քանի որ մենք տարիներ շարունակ պայքարում ենք Ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Նա նշել է, որ յուրաքանչյուր հայի պարտքն է անել այնպես, որ բոլորն իմանան այդ մասին:

«Երբ դու երեխա ես, քեզ դաստիարակում են՝ այդ ամենի մասին պատմելով: Դու փրկվել ես Ցեղասպանությունից: Մեր պարտքն է ամբողջ աշխարհին պատմել, թե որն է Հայաստանի պատմությունը: Հայաստանը պարզապես մի փոքր երկիր չէ, որը գտնվում է Արևելյան Եվրոպայում, դա մի երկիր է, որը Ցեղասպանություն է տեսել: Դու հաղթում ես ապրելով և մյուսներին այդ մասին պատմելով», - ընդգծել է Մովսիսյանը:

Ֆուտբոլիստի խոսքով, հիանալի է, որ իր ընկերներն ու թիմակիցներն այնտեղ են և մի նոր բան են սովորում: Մովսիսյանը նշել է, որ դա պարզապես պատմություն չէ Հայոց ցեղասպանության մասին, այլ դաս է պատմության մասին և նաև այն ամենի, ինչ տեղի է ունենում այսօր: Նրա կարծիքով, դա կարող է օգնել աշխարհին:

«Շատ դժվար է, դու իհարկե գիտես պատմությունը, բայց, ամեն անգամ այդ մասին հիշելով, մեծ ցավ ես ապրում: Կարծում եմ՝ այս ֆիլմը ստեղծողները հիանալի աշխատանք են կատարել: 102 տարի է անցել, բայց աշխարհի կեսը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք դեռ պայքարում ենք դրա համար: Մենք պարզապես առաջ չենք գնում, մենք դա անում ենք՝ պայքարելով», - ասել է Մովսիսյանը:


Նա ընդգծել է, որ միշտ ստիպված է եղել պայքարել այն ամենի համար, ինչի հասել է կյանքում: Ֆուտբոլիստը նշել է, որ շատ բան չի ունեցել, բայց պրոֆեսիոնալ է դարձել մի երկրում, որը 300 մլն բնակչություն ունի:

«Իմ միակ նպատակը եղել է պրոֆեսիոնալ լինելը: Դա հենց այն պայքարող ոգին է, որը բնորոշ է մեր ազգին: Ոչինչ երբեք մեզ հեշտ չի տրվել: Ամեն ինչի համար մենք ստիպված ենք եղել պայքարել», - նշել է Մովսիսյանը:
Ֆուտբոլիստի խոսքով, ցանկացած հայ, որն աշխարհի որևէ մասում հանդիպում է մեկ այլ հայի, միանգամից մտերմանում է:

«Անմիջապես շատ ջերմ զգացողություններ ես ունենում: Մենք ենք, որ պետք է պաշտպանենք մեզ: Մենք Ցեղասպանություն վերապրած կամ դրա ժամանակ սպանված մարդկանց թոռներն ու ծոռներն ենք», - ընդգծել է ֆուտբոլիստը: -0-