Հայտնի են ատամների էմալի համար ամենավնասակար ըմպելիքները

28.04.2021, 16:30
Գիտնականները բացահայտել են ատամների էմալի համար ամենավնասակար ըմպելիքները
Հայտնի են ատամների էմալի համար ամենավնասակար ըմպելիքները
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Բեռնի համալսարանի աշխատակիցները հրապարակել են իրենց հետազոտությունների արդյունքները, որոնց մասին հաղորդում է Tages Anzeiger հրատարակությունը։

Հրատարակության տվյալներով, գիտնականները որոշ ըմպելիքների օգտագործումը կապում են ատամի էմալի վնասման բարձր ռիսկի հետ։ Այդ ըմպելիքներից են կարկադե թեյը, ալկոհոլն ու ցածր կալորիականություն ունեցող տարատեսակ գազավորված ըմպելիքները, գրում է medikforum–ը։

«Առաջին հայացքից անվնաս ըմպելիքների կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել մարդու ատամի էմալի ամբողջականության լուրջ խախտումների, ընդհուպ մինչև ամբողջական քայքայման», – նշում են գիտնականները։

Загружается новость ... "Лево"

Ատամի էմալի նկատմամբ ամենաագրեսիվ ըմպելիքը կարկադե թեյն է, որի բարձր թթվայնությունն ազդում է ատամի էմալի վրա ինչպես ժանգը հնամաշ երկաթի վրա։ Ինչ վերաբերում է ցածր կալորիականությամբ գազավորված ըմպելիքներին, ապա, գիտնականների խոսքերով, դրանք վնասակար են, քանի որ պարունակում են չափից շատ կիտրոնաթթու և ասկորբինաթթու, որոնք օգտագործվում են գազավորված ըմպելիքներում որպես կայունացուցիչներ։

Գիտնականներն ատամի էմալի համար նշված ըմպելիքների վնասի մասին եզրահանգմանն եկել են` հետազոտելով հեռացված ատամները, որոնք տրամադրվել են ատամնաբուժարանների կողմից։ Այդ ատամների էմալները ենթարկվել են տարբեր ըմպելիքների ազդեցության, ինչի արդյունքում մասնագետները եկել են մի շարք կարևոր եզրակացությունների։

Օրինակ նրանք պարզել են, որ գինին քայքայիչ ազդեցություն չի գործում ատամի էմալի վրա, քանի որ, ըստ գիտնականների, պարունակում է հակաօքսիդանտներ` պոլիֆենոլներ։ Պարզվել է նաև, որ ատամի էմալի համար պակաս վնասակար են էներգետիկ ըմպելիքները։ 

Խոսելով ամենավնասակար ըմպելիքների մասին` գիտնականները խորհուրդ են տվել էմալի վնասումը կանխելու նպատակով ըմպելիքի մեջ ավելացնել կալցիում, որն ի վիճակի է չեզոքացնել բերանի խոռոչի միջավայրը։–0–