Պուտին. Մենք բավարարված ենք հայ–ռուսական հարաբերությունների մակարդակով

10.03.2016, 20:40
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Երևանը և Մոսկվան բավարարված են երկկողմ հարաբերությունների մակարդակով:
Պուտին. Մենք բավարարված ենք հայ–ռուսական հարաբերությունների մակարդակով
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Երևանը և Մոսկվան բավարարված են երկկողմ հարաբերությունների մակարդակով, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Կարիք չկա մեր երկկողմ հարաբերությունները բնութագրել որպես միջպետական` իսկապես, դրանք ռազմավարական գործընկերության հարաբերություններ են։ Ինձ շատ հաճելի է դա փաստել և նշել, որ մեր հարաբերությունները զարգանում են, հաջող են զարգանում։ Անշուշտ, առկա են նաև օբյեկտիվ խնդիրներ, նկատի ունեմ, նախևառաջ, մեր տնտեսական փոխգործակցությունը, թեև այստեղ էլ ենք հասկանում, որ, ընդհանուր առմամբ, կարող ենք բավարարված լինել մեր կառուցած հարաբերություններով»,– նշել է ռուս առաջնորդը։

Պուտինը նշել է նաև, որ կասկած չունի Հայաստանի և Ռուսաստանի զարգացման հարցում` հենվելով անցյալ տարիների համատեղ որոշումների վրա։

«Այս տարի դուք գլխավորում եք ՀԱՊԿ–ն, և մեծ հույսեր ունեմ, որ կհաջողվի Ձեզ հետ խոսել որպես այդ միջազգային կազմակերպության նախագահ, որովհետև հենց այդ կազմակերպությունն է պատասխանատու անվտանգության հարցերի, ահաբեկչության դեմ պայքարի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, մեր սահմանների անվտանգության համար։ Բայց նաև Հայաստանի ներկայացուցիչը, արդեն ոչ ազգային իմաստով, այլ որպես միջազգային պաշտոնյա, բայց, այնուամենայնիվ, Ձեր գործընկերն այժմ գլխավորում է մեր ինտեգրացիոն տնտեսական միավորումը` ԵՏՄ–ն»,– ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

«Խոսելու շատ բան ունենք»,– ավելացրել է Պուտինը։

Կրեմլի կայքի հաղորդմամբ, Ռուսաստանի և Հայաստանի նախագահները քննարկել են ռուս–հայկական փոխգործակցության առանցքային թեմաներ, եվրասիական տարածքում ինտեգրացիոն զարգացման հեռանկարները, ղարաբաղյան կարգավորման հարցեր։ -0-