Հայաստանի կարևորագույն խնդիրն է՝ աշխարհին ապացուցել ղարաբաղցիների պայքարի ճշմարիտ լինելը. Սարգսյան

Հայաստանի կարևորագույն խնդիրն այսօր՝ աշխարհին ապացուցել ղարաբաղցիների պայքարի ճշմարտացիությունը, հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այսօր ռազմական փուլն ավարտված է: Չեմ ասում, թե այն այլևս անհնար է, բայց ներկա փուլում մենք բոլորս միասին պետք է պայքարենք և աշխարհին ապացուցենք ղարաբաղցիների պայքարի ճշմարտացիությունը: Սա շատ կարևոր հանգամանք է»,- ուրբաթ ասաց պետության ղեկավարը հայտնի բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» խորագրով վավերագրական յոթ ֆիլմերի սկավառակի շնորհանդեսի ժամանակ:
Նախագահի խոսքով՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը շատ ճիշտ քայլ է կատարել՝ օժանդակություն ցուցաբերելով Պասկալևայի աշխատանքների պատրաստման գործում:
«Այս սկավառակը հարգանքի տուրք է այն բոլոր մարդկանց, ովքեր պատվով կարողացել են պաշտպանել իրենց հայրենի հողը, և, իհարկե, հարգանքի տուրք է հենց Պասկալևային: Չեմ հասկանում, թե ինչպես կարելի էր այսպիսի արժեքը դարակում թողնել այսքան տարիների ընթացքում»,- ասաց Սարգսյանը:
Պետության ղեկավարը նշեց, որ բուլղարացի լրագրողը հսկայական և անփոխարինելի աշխատանք է կատարել, և առանց նրա աշխատանքի լիարժեք պատկերացում չէր ձևավորվի Ղարաբաղում 90-ականների առաջին կեսին տեղի ունեցած իրադարձությունների մասին:
«Իր երիտասարդ տարիները Ցվետանան նվիրեց մեր պայքարին, կանգնեց հայ զինվորի կողքին և իր տեսախցիկով ու ֆոտոխցիկով նկարահանեց այդ բոլոր իրադարձությունները: Լինելով համեստ մարդ՝ այսօր էլ նա շնորհակալություն է հայտնում տարբեր մարդկանց և կազմակերպություններին սկավառակի թողարկման գործում, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ հենց մենք պետք է շնորհակալ լինենք նրան: Վստահ եմ, որ այսուհետ էլ նա կման մեր պայքարի ամենաակտիվ մասնակիցներից մեկը»,- ընդգծեց նախագահը:
«Ղարաբաղի վերքերը» DVD-ֆիլմերը թողարկվել են վեց լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և բուլղարերեն: Ֆիլմերի իրադարձություններն ընդգրկում են 1991 թվականից մինչև 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրումն ընկած ժամանակահատվածը: Բոլոր ֆիլմերն արտացոլում են առավել նշանակալի ռազմական գործողությունների ընթացքը և հեղինակի մարդկային վերաբերմունքն այդ ամենի նկատմամբ:
Արդեն թողարկվել է 1000 սկավառակ, որոնց կեսը կտարածվի հայկական բանակում հենց Պասկալևայի ցանկությամբ: Սկավառակը թողարկող Armenian Music Centre ընկերությունը մտադիր է ավելացնել օտար լեզուներով DVD-ների թիվը՝ արտասահմանում տարածելու համար: 2012 թվականին նախատեսվում է նաև սկավառակների շնորհանդես կազմակերպել արտասահմանյան այն բոլոր երկրներում, որտեղ տեսագրված են Պասկալևայի ֆիլմերը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-