Հայաստանի իշխանությունների և ընդդիմության երկխոսությունն ավելի շատ թատերական ներկայացում է հիշեցնում. Դեմկուսի ղեկավար

22.07.2011, 14:41
Հայաստանի իշխանությունների և ընդդիմության երկխոսությունն ավելի շատ թատերական ներկայացում է հիշեցնում. Դեմկուսի ղեկավար

ՀԱԿ-ի հետ իշխանությունների երկխոսությունն ավելի շատ թատերական ներկայացում է հիշեցնում, քան քաղաքական երկխոսություն, հայտարարել է ՀՀ դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Կարծում եմ, որ երկու կողմերին էլ ձեռնտու է երկրի ներկայիս իրավիճակը: Մի կողմից ՀԱԿ-ը, ամբողջովին կորցնելով իր ազդեցությունը ժողովրդական զանգվածների վրա, ինչի ապացույցն են ընդդիմության վերջին հանրահավաքները, իմիտացիա է ստեղծում, թե դեռ կշիռ ունի երկրի ներքին քաղաքականության մեջ, մյուս կողմից իշխանություններին ձեռնտու է նման ընդդիմությունը, որն այլևս ոչինչ չի կարող անել», - ասաց Սարգսյանը:

Դեմկուսի առաջնորդը նշեց, որ չի հասկանում ընդդիմության և իշխանությունների միջև տարաձայնությունների պատճառը, քանի որ «մեծ հաշվով նրանք երկուսն էլ հետամուտ են լինում միևնույն գաղափարներին, և ես նրանց միջև էական տարբերություն չեմ տեսնում»:

«Ինչ-որ արհեստական իրավիճակ է ստեղծվել՝ հասարակությանն իսկապես լուրջ սոցիալական և քաղաքական խնդիրներից շեղելու և ուշադրությունն այս ծիծաղելի երկխոսությանն ուղղելու համար», - ավելացրեց նա:
Սարգսյանը ընդգծեց, որ հայկական հասարակությունը պետք է տեսնի իրական քաղաքական մրցակցությունը, որը կընթանա ոչ թե մարդկանց, այլ գաղափարների միջև:

Խոսելով արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին ՀԱԿ-ի պահանջների վերաբերյալ՝ Սարգսյանը նշեց, որ այդ ամենն անլուրջ է համարում, քանի որ և ՀԱԿ-ը, և իշխանությունները, և հասարակությունը շատ լավ հասկանում են, որ երկրում արտահերթ ընտրություններ չեն լինելու:

Կոալիցիոն կուսակցությունների և ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջև առաջին դռնփակ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին Հայաստանի հանրային խորհրդի նիստերի դահլիճում:

Հանդիպման նախաձեռնողը ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն էր: Նա նշել է, որ կոալիցիոն աշխատանքային խումբը պատրաստ է հանդիպումների շարք սկսել ՀԱԿ-ի համապատասխան հանձնաժողովի հետ: Կոալիցիոն աշխատանքային խմբի կազմում են Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանը (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանը («Օրինաց երկիր») և Խաչիկ Հարությունյանը («Օրինաց երկիր»):

Մայիսի 31-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ  պատրաստ են «իշխանության հետ ֆորմալ երկխոսության, այսինքն` պատվիրակությունների մակարդակով երկխոսության»: Նույն հանրահավաքի ընթացքում ընդդիմությունը հայտարարել էր, որ երկխոսությունը կարող է ընթանալ խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների հարցի շուրջ:

Երկխոսության համար ՀԱԿ-ը համապատասխան պատվիրակություն է ձևավորել, որը գլխավորել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Պատվիրակության կազմում են նաև ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, Հայ համազգային շարժման վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:-0-