Պեսկովը՝ ԼՂ հակամարտության քաղաքական լուծման բանաձևի անժամանակության և Մոսկվայի ու Անկարայի մոտեցումների տարբերության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ անում է ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար, հավաստիացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Սակայն, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, նա չի խոսել թե, որ բանաձևով կարող է տեղի ունենալ կարգավորումը:
«Ինչպես նախկինում, Նախագահ Պուտինն անձամբ անում է հնարավորը երկու կողմերին և իր գործընկերներին երկու մայրաքաղաքներում կարգավորման քաղաքական-դիվանագիտական մեթոդների բերելու համար», - հայտնել է Պեսկովը հինգշաբթի Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդմանը տված հարցազրույցում:
Հարցին, թե ինչպիսի քաղաքական-դիվանագիտական լուծում կարող է լինել, Կրեմլի ներկայացուցիչը նկատել է․ «Ես կարծում եմ, որ անթույլատրելի սխալ կլիներ ներկա պահին կարգավորման որևէ բանաձևեր ձևակերպել»։
Պեսկովն անդրադարձել է Մոսկվայի և Անկարայի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մոտեցումների տարբերությանը։
«Անկարան չի թաքցնում իր բացարձակ, անվերապահ աջակցությունը Ադրբեջանին և կարծում է, որ այդ խնդիրը կարող է լուծվել ռազմական, ուժային միջոցներով», - արձանագրել է նա:
Կրեմլի խոսնակը նշել է, որ «Ռուսաստանի Դաշնությունը և Նախագահ Պուտինը համոզված են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, կա միայն մեկ ճանապարհ ՝ կարգավորման քաղաքական-դիվանագիտական ճանապարհ»:
«Նախագահը նշել է, որ Հայաստանը մեզ համար հատուկ գործընկեր է, և Ադրբեջանը ևս հատուկ գործընկեր, և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ մեզ կապում են տասնամյակների, եթե ոչ դարերի ընդհանուր պատմություն, և մենք գնահատում ենք այդ հարաբերությունները», - հիշեցրել է խոսնակը հինգշաբթի «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի հանդիպման ժամանակ ՌԴ առաջնորդի խոսքերը:-0-