Մակրոնը մտադիր է պետական այցով ժամանել Հայաստան

15.02.2019, 10:48
Մհեր Գրիգորյանը կարևորել է Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացումը։
Մակրոնը մտադիր է պետական այցով ժամանել Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախօրեին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի և Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային տնօրեն Գայել Ասայագի հետ։

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, Մհեր Գրիգորյանը կարևորել է Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացումն ու խորացումը նաև կառավարության առաջ քաշած բարեփոխումների իրականացման գործընթացում: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է կառավարության ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև շեշտել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:

Դեսպան Լաքոտը նշել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Ընդգծելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին՝ դեսպանը նշել է, որ այդ այցը ևս կնպաստի երկկողմ ծրագրերի հստակեցմանն ու հետագա ընդլայնմանը:

Զարգացման Ֆրանսիայի գործակալության տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարը ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև կազմակերպության պատրաստակամությունը ապագայում ևս նոր ծրագրեր մշակել Հայաստանի կառավարության առաջ քաշած բարեփոխումներին համահունչ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում կապիտալի շուկայի ձևավորման անհրաժեշտությանը, քննարկել Հայաստանում ֆրանսիական բիզնեսի զարգացման հեռանկարները: Քննարկվել են նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելու, ինչպես նաև GSP+ արտոնությունների համակարգերում ընդգրկված լինելու և Առևտրի միջազգային կազմակերպության անդամ հանդիսանալու առավելությունները: -0-