Կիմ Բալայանը չի դադարեցնի հացադուլը. նա պահանջում է քրեական գործ հարուցել սահմանադրական կարգը տապալելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը մտադիր չէ դադարեցնել հացադուլը և իրավապահ մարմիններից պահանջում է քրեական գործ հարուցել սահմանադրական կարգը տապալելու համար:
Շաբաթ օրը մի խումբ հայ խմբագիրներ այցելել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հացադուլ հայտարարածներին՝ ՀՅԴ «Դաշնակցության» ներկայացուցիչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տեղեկատվական-վերլուծական ծառայության տնօրեն Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ: Լրատվամիջոցների ներկայացուցիչներն առաջարկել են, որ Կիմ Բալայանը հրաժարվի հացադուլից, քանի որ բժիշկները նույնպես դա են խորհուրդ տալի: Սակայն, Բալայանը հրաժարվեց դադարեցնել հացադուլը, նույնիսկ պայմանով, որ այլ անձինք կփոխարինեն իրեն՝ ի աջակցություն նրա գործողության:
Նա նշել է, որ արդյունքի հասնելու համար հացադուլ է հայտարարել, բայց մինչ այժմ ոչ մի արձագանք չկա, այդ թվում` նա դիմել է նաև նախագահին, բայց նույնպես պատասխան չի ստացել:
Նրա խոսքով՝ անընդունելի է, որ երեք պետությունների ղեկավարների հայտարարությունում նշված չլինեն ռազմագերիների և մարմինների փոխանակման կոնկրետ ժամկետներ, ընդ որում, որ տարածքների հանձնումը հստակորեն նախատեսված է:
«Ես էլ իմ մեղքն եմ քավում: Եթե դիվանագիտությունը իր տեղում լիներ, այս պատերազմը չէր սկսվի»,- ասել է Բալայանը:
Նա անթույլատրելի է համարել նաև այն փաստը, որ Փաշինյանը նախապես հայտարարել էր, որ ինքը չի ընտրվել Արցախի ժողովրդի կողմից և չի կարող բանակցել հանրապետության անունից, որից հետո իրավունք չուներ այն հանձնել: Նրա խոսքով, Հայաստանի վարչապետն իրավունք չուներ հայտարարելու, որ Արցախը Հայաստան է և վերջ՝ դրանով իսկ ավելի զայրացնելով թշնամուն:-0-