Իրանի ԱԳ նախարարն իրական է համարում էսկալացիան տարածաշրջանում

25.03.2025, 16:05
Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին իրական է համարում էսկալացիան տարածաշրջանում
Իրանի ԱԳ նախարարն իրական է համարում էսկալացիան տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին իրական է համարում էսկալացիան տարածաշրջանում։ 

Երևանում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Արաղչիին հարցրել են էսկալացիայի ռիսկի մասին՝ կապված այն բանի հետ, որ չնայած խաղաղության համաձայնագիրը ստորագրելու Հայաստանի պատրաստակամությանը, Ադրբեջանը շարունակում է նոր պայմաններ առաջ քաշել և ապատեղեկատվություն տարածել հայկական կողմից գնդակոծության մասին։

«Մենք հուսով ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ այդ ռիսկը նվազագույնի կհասցվի, և տարածաշրջանում կայունություն կհաստատվի, որում շահագրգռված են բոլոր կողմերը»,- ասաց Արաղչին։

Նա հիշեցրեց, որ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին։ 

«Այս համաձայնագիրը շատ կարևոր է Կովկասում կայունության և խաղաղության համար, շատ կարևոր է նաև տնտեսական հարաբերությունների համար: Հուսով ենք, որ խնդիրները մոտ ապագայում կլուծվեն, և այդ համաձայնագիրը կստորագրվի», - ասաց Արաղչին: