ՀՀ վարչապետ. կառավարության հիմնական խնդիրը բիզնեսին և ստեղծագործ մարդուն չխանգարելն է

22.10.2016, 22:25
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրը բիզնեսին, ստեղծագործ, ակտիվ մարդուն չխանգարելն է:
ՀՀ վարչապետ. կառավարության հիմնական խնդիրը բիզնեսին և ստեղծագործ մարդուն չխանգարելն է
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրը բիզնեսին, ստեղծագործ, ակտիվ մարդուն չխանգարելն է:

«Նախևառաջ, մենք ասել ենք, որ պետք է փոխվենք և սկսենք մեզանից: Կառավարման մեթոդները, որոշում կայացնելու պրակտիկան համակարգը բոլոր ոլորտներում՝ թե´ գնումներ, թե´ որոշման կայացում, կոլեգիալ լիազորություններ, նախարարների պատասխանատվություն, այդ ամենը կանոնակարգելու դեպքում մենք կարող ենք ռեալ ախտորոշել այն պրոբլեմները, որ կանգնած են մեր տնտեսության, մեր երկրի առջև»,- ասաց նա շաբաթ օրը մի շարք հեռուստաընկերությունների տված հարցազրույցում:

Մեկ այլ հարց է, ըստ Կարապետյանի, թե բավական է դա, արդյոք, որ երկրի տնտեսությունն աճի անհրաժտ տեմպեր դրսևորի, և որ կառավարությունն այլ գործառույթներ չունի:

«Այս պահին կարծում եմ, որ ոչ: Հաշվի առնելով հանրության հուսալքությունն ասեմ, թե ոչ ակտիվ լինելը, հիմնականում այս պահին նկատի ունեմ մեր բիզնես միջավայրը, մենք հայտարարել ենք, որ մենք այստեղ որոշակի խթանողի դեր ենք կատարելու, ստեղծելու ենք ներդրումային հիմնադրամ, որպեսզի բիզնեսի հետ համատեղ մասնակցենք որոշակի նախագծերի մեջ, որպեսզի աշխուժություն մտցնենք»,- ասաց նա:

Վարչապետը կարևորել է կառավարության և հասարակության միջև կապի ստեղծումը՝ վստահություն ձևավորելու համար: «Դա, անկասկած, նախևառաջ, կախված է մեզնից, թե ինչ գործողություններ ձեռնարկել, քանի որ երկիրը փոխելու հարցը ոչ միայն կառավարության, այլ նաև յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է»,- նշեց Կարապետյանը:

Բացի այդ, նրա խոսքով, որպեսզի վաղը երկրում լինեն զարգացման բարենպաստ պայմաններ, անհրաժեշտ է կրթություն տալ մեր քաղաքացիներին, մեր երեխաներին, մեր ապագա սերունդներին: «Վաղվա օրը կրթված մարդու օրն է»,- ընդգծել է նա:

Խոսելով հասարակությունում հնչող քննադատության մասին, թե կառավարության ծրագրում դեկլարատիվ կետեր կան՝ վարչապետն ասաց, որ ուրախ կլիներ լսել, թե ինչպես կարելի է այդ մասը ոչ դեկլարատիվ ասել:

«Ռեալ, մենք պահեր ունենք, որ դեկլարատիվ պետք է հայտարարենք, ասենք, պետծառայողի կերպարի փոփոխություն, հարկայինի և այլն կերպարի փոփոխություն»,- ասաց նա:


Կարապետյանը վստահ է, որ հասարակության մեջ կա հետևյալ կարծիքը. եկեք սպասենք՝ ինչ, որ հայտարարում է, տեսնենք կլինի, թե չի լինի, վեց-յոթ ամիս հետո ինքը կլինի, թե չի լինի, և վեց-յոթ ամիս հետո մենք նոր կարձագանքենք՝ գնանք այս քայլերին, թե չէ:

«Կարծում եմ՝ այս հինգ-վեց ամիսը լինելու է բավական պասիվ սպասումներով: Կցանկանայի՞, որ պասիվ չլիներ՝ շատ»,- ավելացրեց կառավարության ղեկավարը: -0-