Հավակնության մասին նույնիսկ խոսք լինել չի կարող․ ՀՀ նախագահը՝ վարչապետ դառնալու մասին

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հավակնության մասին նույնիսկ խոսք լինել չի կարող։ Այս մասին ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին տված բացառիկ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նա հավակնություններ ունի՝ վարչապետ դառնալու։
«Վարչապետ եմ եղել 25 տարի առաջ և, երբ վարչապետ էի, երիտասարդ էի, գիտեի՝ ինչ եմ ուզում, հստակ ծրագիր ունեի։ Բայց Աստծո կամքն էր՝ որոշ ժամանակ վարչապետ լինելուց հետո ստիպված մեկուկես տարի անցկացրի հիվանդանոցում՝ բուժվելով շատ ծանր հիվանդությունից, և բախտավոր եմ, որ այսօր ձեզ հետ եմ այստեղ»,- ասել է նա:
Սարգսյանը նշել է, որ ինքը Հանրապետության նախագահն է և, նույնիսկ խորհրդարանական երկրում, նույնիսկ հայկական խորհրդարանական երկրում, որտեղ նախագահի գործառույթները շատ-շատ սահմանափակ են, նախագահն ունի որոշակի հստակ պարտականություններ և հնարավորություն՝ աջակցելու համար:
Նրա կարծիքով՝ նախագահական ինստիտուտն այն հարթակը պետք է լինի, որ ճգնաժամային պայմանների դեպքում, որն ունենք այսօր, օգտագործվի և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից, որպեսզի առճակատումը փողոցից գա սեղանի շուրջ:
«Մենք խոսում ենք, որ Ղարաբաղի հարցի լուծման համար լավագույնը Մինսկի խմբի հարթակն է, որովհետև դիվանագետները, պետության ղեկավարները գալիս էին և բանակցում սեղանի շուրջ՝ հակադրելով դա պատերազմին: Հիմա մեր երկրի ներսում նույնն ունենք: Ճշմարտությունը գտնելու համար պետք չէ անպայման փողոց դուրս գալ»,- ասել է ՀՀ նախագահը:
Երկրորդը՝ ըստ նրա, այդ ճգնաժամը չի որոշվում փողոցում մարդկանց քանակով:
Հետևաբար, նրա խոսքով՝ Հանրապետության նախագահը շատ անելիք ունի և չի մտածում վարչապետ լինելու մասին, պատրաստ է ժողովրդի կողմից ընտրված ցանկացած կառավարության և վարչապետի հետ աշխատել և իր ներդրումը բերել:
«Իմ խնդիրը ուրիշ տեղ է: Ես կարծում եմ, որ իմ ներուժի ընդամենը 5, 10 տոկոսն եմ կարողանում օգտագործել իմ երկրի համար՝ լինի դա սահմանադրական սահմանափակումների պատճառով, լինի դա համագործակցության հանդեպ իմ գործընկերների ոչ բաց լինելու պատճառով․․․ Հիմնական պատճառները սրանք են, կարծում եմ՝ շատ ավելին կարող եմ անել և՛ միջազգային հարաբերութուններում, և՛ միջազգային տնտեսական, և՛ ներդրումային, և՛ մշակութային, և՛ դիվանագիտության ոլորտներում, բայց անում եմ շատ քիչ: Դա ինձ համար բավականին ծանր է, որովհետև ուզում եմ աշխատել, իհարկե, աշխատում եմ, բայց կարծում եմ՝ շատ ավելին կարող եմ անել»,- նշել է նախագահ Սարգսյանը:-0-