Բանակի կազմավորման 20-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են ՀՀ շքանշաններով և մեդալներով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, բանակաշինության գործում մատուցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով:
Մի շարք զինվորականների շնորհվել են սպայական կոչումներ:
«Հարգելի՛ գեներալներ, սպաներ, զինվորներ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման հոբելյանի առիթով ձեզ հանձնվող պարգևների միջոցով մեր երկիրն ու ժողովուրդն իր վերաբերմունքն են արտահայտում ձեր անձնուրաց ծառայության հանդեպ: Այսօր դուք պարգևատրվում եք ձեր հաջողությունների և ձեռքբերումների համար, որոնք Հայաստանը դարձնում են ավելի ամուր` բոլոր առումներով: Մենք հպարտ ենք ձեզնով ու ձեր զինակից ընկերներով»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Արարողության ընթացքում տարբեր աստիճանի շքանշանների և մեդալների արժանացան ավելի քան 70 զինծառայողներ, և ավելի քան հարյուր հոգի զորամասերում նախագահի անունից մեդալներ և պատվոգրեր կստանան:
Պետության ղեկավարն անձամբ է հանձնել պարգևները և բոլոր զինծառայողներին մաղթել է քաջառողջություն, բարի ծառայություն և հայոց բանակի մարտունակության անշեղ բարձրացման ուժ ու կորով:
Բացի պետության ղեկավարից, պարգևատրման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք:
Հայկական բանակի ստեղծման օրն է համարվում 1992թ.-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ կառավարությունը «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում կայացրեց, և հրապարակվեց նախարարի առաջին հրամանագիրը: -0