ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը երեքշաբթի եռօրյա այցով մեկնել է Բրյուսել, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Բելգիայի մայրաքաղաքում հայկական պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Եվրատլանտյան գործընկերության, Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի և Կոսովոյի շուրջ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի և գործընկեր պետությունների Շտաբի պետերի նիստերին:
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հանդիպումները Եվրոպայում ՆԱՏՕ-ի Դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի և այլ գործընկերների հետ:
Հայաստանը մասնակցում է Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող ՆԱՏՕ-ի խաղաղարար գործողություններին:-0- Ա.Թ.