ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է Երևանի զինվորական շքերթին ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողների մասանկցության վերաբերյալ հայկական հասարակության որոշակի շրջանակներում բարձրացած աղմուկը՝ հիշեցնելով ՌԴ կողմից ՀՀ անվտանգության ապահովման հարցում անվիճելի աջակցության մասին:
«Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսում հայ զինծառայողների հետ քայլել են Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` ՌԴ զինծառայողները: Այն երկրի, որն իր անուրանալի աջակցությունն է բերում մեր երկրի անվտանգության, այն է` անկախության ապահովման գործում»,- Տոնոյանի խոսքը մեջբերեցին պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունից:
Ըստ նրա, դրա վառ ապացույցն է երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա մակարդակը:
«Ռուսաստանի համար «օտար երկիր» արտահայտությունը կիրառելը ոչ միայն համահունչ չէ իրականությանը, այլև խորթ է հնչում բոլոր նրանց համար, ովքեր տարիների ընթացքում ականատեսն են ՌԴ -ՀՀ համատեղ ռազմական ծրագրերի հաջող իրականացման»,- նշել է պաշտպանության փոխնախարարը:
Միաժանակ նա նշել է, որ զորահանդեսներին այլ պետությունների ստորաբաժանումների մասնակցությունը ընդունված միջազգային պրակտիկա է: «Օրինակ ՀՀ զինված ուժերի պատվո պահակային վաշտը մի քանի ամիս առաջ մասնակցել է Իտալիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված զորահանդեսին: Նման պրակտիկա կա նաև Ֆրանսիայում»,- ասել է Տոնոյանը:
Անկախության 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21–ին Հանրապետության հրապարակում կազմակերպված զորահանդեսին մասնակցեց շուրջ չորս հազար մարդ, և ներկայացվեց ռազմական տեխնիկայի ավելի քան 300 միավոր: Հանրապետության Հրապարակով անցան Հայաստանի ԶՈՒ, Արցախի Պաշտպանության բանակի, ռուսական 102-րդ ռազմակայանի բոլոր զորքերը: Բացի զրահատեխնիկայից, ցուցադրվեց այնպիսի հզոր տեխնիկա, ինչպես «Տոչկա-ՈՒ» տակտիկական հրթիռային համալիրները, «Սմերչ» համակարգերը, Էլբրուս 9К72 օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրը (НАТО SS-1c Scud B դասակարգմամբ), շարժական զենիթահրթիռային С-300 ПМ համակարգը և այլ տեխնիկա: Ցուցադրվեց նաև ավիացիան, այդ թվում` «Կռունկ» հայկական անօդաչու թռչող սարքերը:
Ռուս զինծառայողների մասնակցությունը դժգոհություն է առաջացրել որոշակի ուժերի մոտ: Նախօրեին մի խումբ մարդիկ փորձել են բողոքի ակցիա անցկացնել Երևանի կենտրոնում: -0-