«Միր» հեռուստաընկերությունը կհեռարձակի Երևանում կայանալիք զորահանդեսը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը, որը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 21-ին, կհեռարձակվի «Միր» հեռուստաընկերության եթերում, հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը՝ հղում անելով միջպետական հեռուստառադիոընկերության հայկական մասնաճյուղի փոխտնօրեն Օլեգ Աղաջանյանին:
Հունիսի 26-ին «Միր» հեռուստաընկերությունը հեռարձակել էր Ադրբեջանում կայացած ռազմական շքերթը: «Հենց այդ շքերթից հետո Երևանում կայանալիք զորահանդեսը ձեռք է բերել հատուկ նշանակություն՝ Ադրբեջանի ռազմաշունչ ցույցին համարժեք պատասխան տալու իմաստով», - նշում է թերթը:
Թերթը տեղեկացնում է, որ ՀՀ ՊՆ-ն դեռ վերջնականապես չի հստակեցրել, թե քանի միավոր զինտեխնիկա և քանի զինվոր է մասնացկելու շքերթին:
Հայտնի է միայն, որ թրթուրավոր ծանր տեխնիկան հրապարակ է բերվելու անվավոր քարշակների վրա՝ հրապարակի ասֆալտե ծածկը չփչացնելու նպատակով:-0-