Ղարաբաղի Պաշտպանական բանակի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ռազմական դատախազ Գևորգ Կոստանյանը։
«Որպես այս երկրի քաղաքացի, շատ եմ ցավում, և մենք ոչ միայն կանենք հնարավոր ամեն բան նման դեպքերը բացառելու համար, այլ նաև խստագույն պատասխանատվության կենթարկենք բոլոր մեղավորներին»,- ասաց Կոստանյանը։
Ըստ նրա, այդ անբարոյական գործին ոչ մի միջնորդություն չի կարող լինել։
«Յուրաքանչյուր անձ դեպքի յուրաքանչյուր մասնակից խստագույնս ենթարկվելու է պատասխանատվության՝ անկախ կոչումից, դիրքից»,- հայտնեց ռազմական դատախազը։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 359-րդ հոդվածի առաջին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով)։
Կոստանյանը նշեց, որ տվյալ գործով սպա է ձերբակալվել, մեկ զինվոր էլ կալանավորվել է։
Ռազմական դատախազը նաև խորը ցավակցություն է հայտնել բոլոր մայրերին, որոնց որդիները զոհվել են բանակում։
Ղարաբաղի Պաշտպանական բանակի ժամկետային զինծառայող 19-ամյա Աղասի Աբրահամյանը զոհվել է օգոստոսի 26-ին ռազմական հոսպիտալում։ -0-