ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը ներկա պահին չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն պատրաստ է անհրաժեշտության դեպքում դիմել այդ քայլին։
Նախօրեին զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը, ով ավելի վաղ ձերբակալվել էր Հատուկ քննչական ծառայության կողմից՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով։
«Մինչ այդ պահը հրաժարականի մասին խոսք չի եղել, առաջարկներ կամ ակնարկ չի եղել։ Ես իմ աշխատանքը կատարում եմ, ես իմ տեղում եմ, և նման տրամադրվածություններ չկան»,- հինգշաբթի կառավարական նիստից հետո լրագրողներին ասաց Սարգսյանը։
Միաժամանակ ոստիկանության պետը հիշեցրեց, որ իր հրաժարականի մասին խոսակցությունները սկսվել են դեռ իր նշանակումից մի քանի օր անց (2008թ. ամառ. «Նովոստի-Արմենիա»)։
Ըստ Սարգսյանի, այդ ամենի հետևում որոշակի ուժեր են կանգնած, որոնք փորձում են ավելորդ տրամադրություն ստեղծել, առաջին հերթին հենց համակարգում, իսկ այնուհետև՝ հասարակական շրջանակներում։
Միաժամանակ ոստիկանության պետը պարզաբանեց, որ սկզբում նա այդ ամենին հումորով էր վերաբերվում, իսկ այժմ ոչ մի նշանակություն չի տալիս։
«Ես արդեն անտարբերությամբ եմ վերաբերվում այդ խոսակցություններին, բայց հանգիստ եղեք, երբ հրաժարական տալու խիստ անհրաժեշտություն առաջանա, ես կանեմ դա»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ ոստիկանության ղեկավարի պաշտոնում մնալու հարցը երկրի ղեկավարությունն է որոշում։
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) սույն թվականի օգոստոսի 30-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հատուկ քննչական ծառայությունը, տվյալ քրեական գործի մասնակիցներից մեկը նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության սպայական 2-րդ գումարտակի նախկին հրամանատար, գնդապետ Ստեփան Կարախանյանն է, ով ձերբակալվել է անցած ուրբաթ։
Գործի նյութերի համաձայն, Կարախանյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, նպատակային նշանակմամբ 277 հազար լիտրից 121 հազար լիտր բենզին է օգտագործել, որը նախատեսված էր իրեն ենթակա գերատեսչությունների աշխատանքը կազմակերպելու համար։-0-