Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը կմեկնարկի 2014թ.–ի հունվարին

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանին կապող Վարդենիս–Մարտակերտ ժամանակակից ճանապարհի կառուցումը կմեկնարկի 2014թ.–ի հունվարին, հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունից։
Ճանապարհի կառուցման համար կհատկացվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Լոս Անջելեսում անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված միջոցները։ Ընթացիկ տարվա նոյեմբերի 28–ին տեղի ունեցած հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել և խոստացվել է 22 661 372 դոլար։
«Դեկտեմբերի 9-ին և 10-ին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման աշխատանքների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունների հետ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կնքել է աշխատանքների իրականացման պայմանագրեր, համաձայն որոնց, ճանապարհի կառուցման առաջին փուլի` հողային աշխատանքների մեկնարկը հայտարարվում է 2014թ. Հունվարին»,– նշվում է Հիմնադրամի հաղորդագրության մեջ։
Շուրջ 116 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի ողջ երկայնքով աշխատանքները կիրականացվեն նույն ժամանակահատվածում:
Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել: Այդ նպատակով կարելի է այցելել Հիմնադրամի գործադիր վարչություն /Կառավարական 3-րդ շենք/,
փոխանցումներ կատարել Հիմնադրամի` բանկերում գործող հաշվեհամարներին,կատարել առցանց նվիրատվություն` այցելելելով donate.himnadram.org։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին, և դրա հիմնական խնդիրն է համազգային նախագծերի իրագործումը, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: Հայաստանի նախագահի գլխավորած հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում են ամբողջ աշխարհի սփյուռքահայության հեղինակավոր ներկայացուցիչներ:
Գործունեության 20 տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է ավելի քան 476 կմ ճանապարհի, 517 կմ ջրագծի ու ջրամատակարարման համակարգի, 144 կմ գազատարի, 70 կմ էլեկտրական հոսանքի գծի շինարարություն։ Բացի այդ, կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց ու մանկապարտեզ, 424 տուն ու բնակարան, 70 առողջապահական հաստատություն, 53 սպորտային ու մշակութային կենտրոն։ Իրականացվել է ավելի քան 159 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր։
Հայաստանում և Ղարաբաղում «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20–ամյա գործունեության ընթացքում ավելի քան 235,8 մլն դոլարի ծրագրեր են իրականացվել։ –0–