Դատախազը փոխել է հայ ընդդիմադիր լրագրողի խափանման միջոցը [Տարբերակ 1]
![Դատախազը փոխել է հայ ընդդիմադիր լրագրողի խափանման միջոցը [Տարբերակ 1] Դատախազը փոխել է հայ ընդդիմադիր լրագրողի խափանման միջոցը [Տարբերակ 1]](/upload/iblock/3d3/sfd3ppuc5jy5pxlwu2kahnjuinkfv855.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Դատախազը փոխել է հայ ընդդիմադիր լրագրող Հայկ Գևորգյանի խափանման միջոցը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Հայկ Գևորգյանը ձերբակալվել է ուրբաթ առավոտյան՝ վրաերթ կատարելու կասկածանքով: Նրան ներկայացվել է մեղադրանք 242-րդ հոդվածի առաջին մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը): Ըստ Ոստիկանության տվյալների՝ տուժածի առողջությանը միջին ծանրության վնաս է հասցվել՝ առողջության տևական քայքայումով, մասնավորապես՝ նա ուղեղի ցնցում և ստորին վերջույթների շրջանի կոտրվածք է ստացել:
«Հայկ Գևորգյանի քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը քիչ առաջ որոշում է կայացրել փոխել Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով չբացակայելու մասին ստորագրությամբ»,- ասաց Տռուզյանը:
Ըստ նրա՝ տվյալ որոշումն արդեն ուղարկվել է «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկություն, որտեղ փետրվարի 3-ից պահվում էր Գևորգյանը, և մոտակա րոպեների ընթացքում լրագրողին ազատ կարձակեն:
«Գևորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր: Նման պայմաններում, ըստ դատախազության, բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը»,- ասաց Տռուզյանը:
Ավելի վաղ «Հայկական ժամանակ» (որտեղ աշխատում է Հայկ Գևորգյանը) ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ գործը սարքած է ՝ պնդելով, որ ՃՏՊ-ն ծրագրված է եղել, իսկ ավտոմեքենան վարող Գևորգյանի և տուժած համարվող տվյալ անձնավորության միջև ֆիզիկական կոնտակտ չի եղել:
Ոստիկանությունը Youtube-ում տեսանյութ է տարածել, որտեղ բերում է կատարվածի իր տարբերակը: Տեսանյութում նաև տուժած Աշոտ Ֆրանգուլյանի հետ հարցազրույց է ներկայացված:
Շաբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ զերծ կմնա մինչև դատարանի որոշում կայացնելն այդ հարցի շուրջ սեփական կարծիքն արտահայտելուց, և հույս է հայտնել, որ դա հնարավորինս շուտ տեղի կունենա:
Գևորգյանին ազատ արձակելու պահանջով է հանդես եկել խոշորագույն հայկական ընդդիմադիր ուժերից մեկը՝ Հայ Ազգային կոնգրեսը, որը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հայտարարության մեջ նշվում է, որ Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործը սարքած է, և նա զրկվել է ազատությունից բացառապես իր պրոֆեսիոնալ գործունեության համար:
Շաբաթ օրը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան հայտնել է, որ հայկական լրատվական հանրությունը պետք է հետևի գործի ընթացքին, որը կապված է լրագրողի ձերբակալության հետ, և օբյեկտիվություն պահպանի: -0-