Դատախազը փոխել է հայ ընդդիմադիր լրագրողի խափանման միջոցը

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Դատախազը փոխել է հայ ընդդիմադիր լրագրող Հայկ Գևորգյանի խափանման միջոցը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Հայկ Գևորգյանը ձերբակալվել է ուրբաթ առավոտյան՝ վրաերթ կատարելու կասկածանքով: Նրան ներկայացվել է մեղադրանք 242-րդ հոդվածի առաջին մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը): Ըստ Ոստիկանության տվյալների՝ տուժածի առողջությանը միջին ծանրության վնաս է հասցվել՝ առողջության տևական քայքայումով, մասնավորապես՝ նա ուղեղի ցնցում և ստորին վերջույթների շրջանի կոտրվածք է ստացել:
«Հայկ Գևորգյանի քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը քիչ առաջ որոշում է կայացրել փոխել Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով չբացակայելու մասին ստորագրությամբ»,- ասաց Տռուզյանը:
Ըստ նրա՝ տվյալ որոշումն արդեն ուղարկվել է «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկություն, որտեղ փետրվարի 3-ից պահվում էր Գևորգյանը, և մոտակա րոպեների ընթացքում լրագրողին ազատ կարձակեն:
«Գևորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր: Նման պայմաններում, ըստ դատախազության, բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը»,- ասաց Տռուզյանը: