Սիրահարների և երիտասարդների հովանավոր Սուրբ Սարգսի օրը կնշվի Հայաստանում

03.02.2012, 13:59
Սիրահարների և երիտասարդների հովանավոր Սուրբ Սարգսի օրը կնշվի  Հայաստանում
Սիրահարների և երիտասարդների հովանավոր Սուրբ Սարգսի օրը կնշվի  Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Սիրահարների և երիտասարդների հովանավոր Սուրբ Սարգսի տոնը կնշվի Հայաստանում շաբաթ օրը՝ փետրվարի 4-ին:

Սուրբ Սարգիսը (285-337) հայ ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկն է, որին խիզախության համար Բյուզանդիայի կայսր Կոնստանդինոսը նշանակել է Հայաստանի հետ սահմանակից Կապադովկիայի իշխան և զորավար։ Քրիստոնյաների հետապնդումների ժամանակ Սուրբ Սարգիսը լքել է կայսրությունը և ապաստան գտել քրիստոնյա Հայաստանում։ Երբ Պարսկաստանի թագավոր Շապուհը պահանջել է Սուրբ Սարգսից խոնարհվել կրակի առջև և զոհաբերություն անել, Սուրբ Սարգիսը հրաժարվել է և կործանել է զոհասեղանը։ Սարգիսը և նրա որդի Մարտիրոսը նահատակվել են: Քրիստոնեական հավատքի համար նահատակվել են նաև Ս.Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները:

Լուսավորիչ և հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը բերեց Սարգսի մասունքները Հայաստան, որտեղ այնուհետև նրա պատվին եկեղեցի կառուցվեց:

«Փետրվարի 4-ին տոնվում է Սուրբ Սարգսի, նրա որդի Մարտիրոսի և հանուն քրիստոնեական հավատքի զոհված Սարգսի 14 զինվորների օրը: Այս տոնը համաժողովրդական բնույթ է կրում՝ սկսած միջին դարերից: Նրա անունը հիշատակվում է Սրբերի գործքում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շահեր Հայրապետյանը:

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հանձնարարությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր:

Սուրբ Սարգիս զորավարի օրը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսերով: Ըստ ավանդույթի, հայ երիտասարդությունն այցելում է Սբ. Սարգսի եկեղեցիներ՝ բոլոր երիտասարդների հովանավոր Սուրբ Սարգսի օրհնությունը ստանալու համար: Այդ օրը բոլոր երիտասարդներն աղոթում են և խնդրում Սրբին իրենց աղոթքը հասցնել Բարձրյալին:

«Սուրբ Սարգսի տոնակատարությունները շարունակվում են ընդհուպ մինչև փետրվարի 13-ը (Տրընդեզ տոնը), երբ մարդիկ եկեղեցիներից տուն են տանում սուրբ կրակը»,- հայտնեց Տեր Շահե Հայրապետյանը:

Այս օրը երիտասարդ սիրահարները Հայաստանում աղի բլիթներ են ուտում։ Ժողովրդական սովորույթի համաձայն, անհրաժեշտ է տոնին նախորդող գիշերը աղի բլիթ ուտել։ Դրանից հետո ոչինչ չեն ուտում կամ խմում՝ սպասելով երազում հայտնությանը։ Այդպիսով երիտասարդները որոշում են իրենց ընտրյալներին, որոնք հավատալիքի համաձաjն, երազում նրանց ջուր են տալիս։   

Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:

 Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը:

Սուրբ Սարգսի օրվա տոնակատարության շրջանակներում ուրբաթ եկեղեցիներում երիտասարդներին կբաժանվեն աղաբլիթներ և բացիկներ, իսկ փետրվարի 4-ին Սբ. Սարգսի եկեղեցիներում կանցկացվեն ժամերգություններ և երիտասարդների օրհնության կարգ, որից հետո ակնկալվում է տոնական համերգ:--0-