ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Իրանում ռազմական գործողությունների մեկնարկը կարող է խթան դառնալ՝ հարևան բոլոր երկրներում հակամարտությունների սրման համար, կարծում է Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը:
«Իրանում խոշոր ռազմական օպերացիան կհանգեցնի լուրջ հետևանքների այդ երկրի հետ ընդհանուր սահման ունեցող բոլոր երկրների համար: Այդ ամենը, փաստորեն, անկայունություն կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրներում», - ասել է Միխեևը հինգշաբթի ««Մեծ Կովկասը» պատժամիջոցների և սպառնալիքների լուծի ներքո. Իրանի գործոնը» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում:
Նրա խոսքերով՝ Իրանում պատերազմի մեկնարկը սպառնալիքի տակ կգցի տարածաշրջանի բոլոր խոշոր տնտեսական նախագծերը, քանի որ առաջին հերթին անկայունությունը կխզի այդ նախագծերի նկատմամբ վստահությունը, երկրորդը՝ կհրահրվեն որոշ ներքին ռազմական հակամարտություններ, ահաբեկչական ակտեր՝ տարածաշրջանի այս կամ այն պետությունների նկատմամբ:
«Կնկատվի նաև Իրանից դուրս եկող փախստականների անվերջանալի հոսք, որը ծանր բեռ կդառնա հարևան երկրների համար, դա հավասարազոր կլինի տարածաշրջանային աղետի», - ավելացրել է նա:
Փորձագետը կարծում է, որ տարածաշրջանի շատ երկրներ ուղղակիորեն կներքաշվեն հակամարտության մեջ:
«Բնական է, որ ամերիկացիները միայնակ նման ակցիա չեն ձեռնարկի: Ինչպես ցույց են տալիս վերջին տասնամյակների իրադարձությունները, ամերիկացիները հասկացել են, որ ցանկացած օպերացիայի լեգիտիմացում կախված է մասնակիցների քանակից, և, անխոս, նրանք կփնտրեն դաշնակիցներ ոչ միայն ՆԱՏՕ-ում իրենց գործընկերների, այլև տարածաշրջանի երկրների շրջանում», - ասել է նա:
Միխեևն ընդգծել է, որ նման հակամարտության մեջ ողջ տարածաշրջանին ներքաշելը երկարատև բացասական հետևանքներ կունենա տարածաշրջանի երկրների համար:
«Միգուցե այդ երկրները կարճ ժամանակով որոշ դիվիդենտներ ստանան Ամերիկայի հետ համագործակցությունից, սակայն ընդհանուր առմամբ տարածաշրջանի անկայունությունը կպահպանվի երկար տարիների ընթացքում», - եզրափակել է նա:-0-