ՀԱԿ-ի համակարգողը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները

01.02.2012, 10:26
ՀԱԿ-ի համակարգողը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը երեքշաբթի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դեպարտամենտի փոխղեկավար Նիկոլա Շմիդտի և ընտրությունների խորհրդատու Ռաուլ Լուչիան Մուրեշանի հետ քննարկել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

«Հանդիպման ընթացքում հյուրերը տեղեկացրել են, որ իրենց այցելության նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անհրաժեշտության ու նպատակահարմարության մասին ԵԱՀԿ ղեկավարությանը զեկուցելն է», - հաղորդում է ՀԱԿ-ի մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն՝ պաշտոնական Երևանի համապատասխան հրավերից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որոշում է կայացնելու դիտորդական առաքելության կազմի և ժամկետների մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ընտրությունների օրինականության ապահովման հարցում դիտորդական առաքելության գործունեությանը:

Հանդիպման ընթացքում Զուրաբյանը դրական է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների մասնագիտական պատրաստվածությունը և հաստատել է Հայ Ազգային Կոնգրեսի ցանկությունը ընտրություններին հնարավորինս մեծ դիտորդական առաքելության ժամանման հարցում:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը ստեղծվել է 2008 թ.-ի օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի կազմում ներառված է շուրջ 20 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն:

ՀՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թ.-ի մայիսին:-0-