Քլինթոնի հայտարարությունը պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերությունները չվատացնելու ցանկությամբ. թուրքագետ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից հակաժխտողական օրինագծի ընդունման համատեքստում պայամանավորված է Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնել չցանականալու հետ, ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր գերատեսչության աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ հետևել Ֆրանսիայի օրինակին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցում:
«ԱՄՆ-ն միշտ իր հստակ դիրքորոշումն է ունեցել՝ չանցնել կարմիր գծերը և սահմանափակումները Թուրքիայի հետ՝ քաջ գիտակցելով, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ այդքան կոշտ օրենքը միանշանակ կսառեցնի թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչն այսօր ԱՄՆ-ի համար անցանկալի է»,- ասաց Շաքարյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը, որն այժմ պետք է ստորագրվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից: Օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար, որի ժամանակ սպանվել է շուրջ 1,5 մլն հայ:
Շաքարյանը միաժամանակ նշեց, որ ԱՄՆ-ն միշտ միանշանակ կողմ է եղել հայ-թուրքական սահմանի բացմանը, նա միշտ կողմ է հանդես եկել բանաձևերին, ափսոսանք հայտնել այն առիթով, որ Թուրքիայում դրանք կյանքի չեն կոչվում, և հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի դրանց «կենդանացման» համար:
Թուրքագետի կարծիքով՝ ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությունը բավականին ժամանակավրեպ է, քանի որ «նախքան Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումն այն պետք է առաջին հերթին ճանաչել»:
«Ամն-ն, որքան հասկանում եմ, չի պատրաստվում նույնիսկ արտասանել «ցեղասպանություն» բառն ապրիլի 24-ի ավանդական ուղերձում՝ չխոսելով արդեն դրա ճանաչման և ժխտման քրեականացման մասին»,- ասաց նա:
Ամեն տարի հայկական հասարակությունն ակտիվորեն քննարկում է այն հարցը, թե արդյոք, ԱՄՆ գործող նախագահն ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում «ցեղասպանություն» կանվանի՞ 1915 թվականին Թուրքիայում հայերի համակարգված և կանխամտածված ոչնչացումը:
Շաքարյանը նշեց նաև, որ թուրք-հայկական հարաբերությունների վատացումն այսօր պետք չէ դեմոկրատներին՝ հատկապես հաշվի առնելով ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրությունները:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-