Վահե Նիկոյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ

20.01.2012, 18:04
Վահե Նիկոյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանը նշանակվել է քաղաքապետի տեղակալ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Մամուլի հաղորդագրության համաձայն, Երևանի ավագանու՝ հունվարի 20–ին գումարված արտահերթ նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը և այդ պաշտոնի համար առաջարկել է Նիկոյանի թեկնածությունը:
Երևանի ավագանու խորհրդի անդամները միաձայն քվեարկել են քաղաքապետի առաջարկի օգտին:

Մարգարյանը հայտնել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրայր Հովսեփյանը։

Օրենքով սահմանված կարգով՝ Հովսեփյանի դիմումը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ավագանու անդամին կփոխարինի ավագանու անդամության թեկնածուների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի հաջորդ թեկնածուն։--0-