Ադրբեջանի սահմաններն իրավական հիմք չունեն. հրապարակախոս
Իրեն Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդը համարող այսօրվա Ադրբեջանի սահմաններն իրավական հիմք չունեն, հինգշաբթի լրագրողներին ասաց «Շուշի» բարեգործական հիմնադրամի ղեկավար, գրող և հրապարակախոս Բակուր Կարապետյանը:
Կարապետյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին ուղղված բաց նամակի նախաձեռնողն է, որում, մասնավորապես, ասվում է, որ 1991 թվականին Ադրբեջանական Հանրապետության առաջնորդները հայտարարել են, որ նրանց ներկայիս պետությունը 1918-1920 թթ. Գյանջա քաղաքում Օսմանյան Թուրքիայի բանակի կողմից հռչակած Ադրբեջանի դեմոկտարական հանրապետության օրինական ժառանգորդն է:
Կարապետյանը նշեց, որ նախորդ դարասկզբի Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը չի ճանաչվել միջազգային իրավունքի և ոչ մի սուբյեկտի կողմից, այդ թվում՝ Թուրքիայի և Անտանտի երկրների կողմից:
«Հետևաբար, ներքին գործածման ցանկացած պաստաթուղթ, որ կիրառվել է Ադրբեջանի դեմոկտարական հանրապետությունում և որում նկարագրվել են այդ երկրի ենթադրելի սահմանները, չեն կարող միջազգային իրավունքի նորմատիվ հատկանիշներ ունենալ»,- ասվում է Կարապետյանի բաց նամակում:
Փորձագետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի բռնի փոխանցումն Ադրբեջանին իրականացվել է արդեն խորհրդային կառավարության կողմից, և Կրեմլի ղեկավարների այս որոշման հիմքում ընկած է եղել «Բաքվի նավթը»:
Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, Քաղաքական ուսումնասիրությունների ակադեմիայի տնօրեն Ալեքսանդր Մանասյանն իր հերթին նշեց, որ Ադրբեջանն առայսօր հռչակված սահմաններ չունի, և հենց այստեղ իրավունքն ու քաղաքականությունը բացարձակ հակասության մեջ են: «Ելնելով քաղաքական գաղափարներից՝ 1991 թվականին Արևմուտքը ճանաչեց Ադրբեջանի Հանրապետությունը հենց Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում»,- ասաց Մանասյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-