Շոու բիզնեսի գործիչները կարծում են, որ Հայաստանը պետք է արժանի ելույթ ունենա Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթին

17.01.2012, 20:02
Շոու բիզնեսի գործիչները կարծում են, որ Հայաստանը պետք է արժանի ելույթ ունենա Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթին
Շոու բիզնեսի գործիչները կարծում են, որ Հայաստանը պետք է արժանի ելույթ ունենա Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթին

Հայաստանի շոու բիզնեսի գործիչները կարծում են, որ երկիրը պետք է արժանի կերպով ելույթ ունենա Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի ժամանակ:

 «Եվրատեսիլ» մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը երեքշաբթի տեղեկացրեց, որ Հայաստանը մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել: Մասնակցության և Հայաստանից կոնկրետ ներկայացուցչի հարցն ավելի ուշ կորոշվի:

«Պետք է մասնակցել մրցույթին և լավ ելույթ ունենալ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց հայտնի էստրադային երգչուհի և պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը:

Միաժամանակ նա զերծ մնաց մրցույթին Հայաստանի մասնակցության շուրջ հարցի քաղաքականացումից, ինչպես նաև չնշեց, իր կարծիքով, առավել հարմար թեկնածու:

Էստրադային երգիչ Էրիկն իր հերթին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ Հայաստանը պետք է անպայման  մասնակցի մրցույթին:

«Ես ծանոթ եմ մրցույթին ներսից, քանի որ եղել եմ հայկական պատվիրակության կազմում, երբ Հայաստանը ներկայացնում էին Ինգա և Անուշ Արշակյանները, և գիտեմ, որ երաժշտական մրցույթի շուրջ իրավիճակի քաղաքականացումն ամեն ինչ կփչացնի»,- ընդգծեց Էրիկը:

Նա նաև նշեց, որ անհրաժեշտ է հրաժարվել այն բարդույթից, որ հայ մասնակցից միայն հաղթանակ են ակնկալում:

Միաժամանակ երգիչը նշեց, որ այսօրվա դրությամբ որպես մրցույթի մասնակցության թեկնածու ոչ ոքի չի տեսնում:

«Նախևառաջ, ես չգիտեմ, թե ում թեկնածությունն է ներկայացված մրցույթի մանսակցության համար, բացի այդ, այսօր Հայաստանում դրա համար ոչ ոքի չեմ տեսնում»,-ավելացրեց նա:

Հայկական կողմն իր պատվիրակության անվտանգության լուրջ երաշխիքներ էր սպասում ոչ միայն ընդունող երկրի, այլև Եվրոպական հեռարձակողների միության, միջազգային այլ կազմակերպությունների կողմից, որոնք պատասխանատու են 2012 թ.-ի մայիսին Բաքվում կայանալիք Եվրատեսիլի անցկացման համար:

Անվտանգության երաշխիքների մասին Գոհար Գասպարյանը պատասխանել է, որ մանրամասները դեռ չեն հրապարակվում և հայտնի կդառնան միայն հետագայում:

Բաքուն «Եվրատեսիլ 2012» մրցույթը կազմակերպելու իրավունք է ստացել 2011 թ.-ին Դյուսելդորֆում կայացած մրցույթի ժամանակ Նիկկի (Նիգյար Ջամալ) և Էլլա (Էլդար Քասիմով) ադրբեջանական դուետի հաղթանակի շնորհիվ:-0-