ՀՀ գլխավոր դատախազը Պրեսկոտին է ներկայացրել մարտի 1-2-ի գործի նախաքննության արդյունքները

17.01.2012, 18:49
ՀՀ գլխավոր դատախազը Պրեսկոտին է ներկայացրել մարտի 1-2-ի գործի նախաքննության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեքշաբթի Երևանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի  համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննության արդյունքները, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Շուրջ չորս տարի առաջ ընդդիմադիր ՀԱԿ-ը դեմ էր հանդես գալիս 2008 թ.-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներին, որոնցում հաղթել էր ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: 2008 թ.-ի մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնք հանգեցրեցին մարդկային զոհերի:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Պրեսկոտի խնդրանքով Հովսեփյանը ներկայացրել է նախաքննության առջև ծառացած խնդիրները, ձեռնարկվող քայլերը:

Գլխավոր դատախազը նշել է, որ կատարած աշխատանքների վերաբերյալ նախաքննական մարմինը հրապարակել է տեղեկատվական հաղորդում, որը տեղադրվել է համացանցում: Նա հավաստել է, որ մասնավորապես դիտարկվող քրեական գործով  նախաքննական մարմինն այսուհետ նույնպես շարունակվող նախաքննության արդյունքների մասին կշարունակի իրազեկել հանրությանը:

Հովսեփյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի դերը ՀՀ դատախազության՝ որպես քրեական քաղաքականություն իրականացնող մարմնի աշխատանքների հրապարակայնությունն ապահովելուն ուղղված մեխանիզմների կատարելագործման, տեղեկատվական քաղաքականության զարգացման գործում:

Ջոն Պրեսկոտն իր հերթին կարևորել է քրեական դատավարության վերաբերյալ հավասարակշռված տեղեկատվության տրամադրումը, հավասարության վստահության ձեռք բերումը:-0-