Ավելի քան 4 մլն արխիվային գործեր են պահվում ՀՀ Ազգային արխիվում 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին՝ վերջինիս կողմից արխիվ կատարած այցի ընթացքում:
Նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն` Ամատունին ներկայացրել է արխիվի 2011 թվականի աշխատանքները և 2012 թվականի ծրագրերը:
«2012թ. հունվարի 1-ի դրությամբ Ազգային արխիվում առկա է 6 291 ֆոնդ` 4 025 784 արխիվային գործով, այդ թվում` 225 554 պահպանման միավոր արխիվային կինոֆոտոֆոնո փաստաթուղթ, որոնցից 2011թ. թվայնացվել է նաև 1220 պահպանման միավոր արխիվային կինոֆոտոֆոնո փաստաթուղթ, դրանց թվայնացման գործընթացը կավարտվի 2013թ. վերջին»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Վիրաբյանը հայտնեց նաև, որ տարվա ընթացքում կազմակերպվել է արխիվային փաստաթղթերի 14 թեմատիկ ցուցահանդես, այդ թվում` արխիվի 10 մարզային մասնաճյուղերի կողմից մարզկենտրոններում բացվել են ցուցահանդեսներ` նվիրված Հայաստանի մարզերում տեղական ինքնակառավարման համակարգի հիմնադրման 15- ամյակին:
«Աշխատանքներ են իրականացվել նաև միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ: Մասնավորապես` Վրաստանի և Ֆինլանդիայի ազգային արխիվների հետ կնքվել են համագործակցության պայմանագրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի և Ռուսաստանի արխիվների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2012թ. կկազմակերպվեն «Հայերը Ղրիմում» և «Հայերը Մոսկվայում» թեմաներով ցուցահանդեսներ Հայաստանում ու համապատասխանաբար այդ երկրներում: -0-