Հետամանորյա սթրեսը հեշտ է հաղթահարել կյանքի սովորական ռիթմին աստիճանաբար վերադառնալու միջոցով. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հետամանորյա սթրեսը հեշտ է հաղթահարել կյանքի սովորական ռիթմին աստիճանաբար վերադառնալու միջոցով, կարծում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Հայաստանում Ամանորյա արձակուրդները տևել են մինչև հունվարի 9-ը:
«Մարդու օրգանիզմը հզոր ինքնավերականգնողական մեխանիզմ ունի, և այդ պատճառով կյանքի սովորական ռիթմի մեջ մտնելու լավագույն միջոցն է սկսել աստիճանաբար անել այն, ինչ արել եք մինչև տոները: Ընդ որում կյանքի սովորական ռիթմին աստիճանական վերադարձը թույլ կտա նվազեցնել սթրեսային իրավիճակը», - հայտարարեց փորձագետը:
Նալչաջյանն ընդգծեց, որ անհնար է ամբողջովին խուսափել սթրեսային իրավիճակից, սակայն ամանորյա տոների ընթացքում մարդու համար ճիշտ կազմակերպված հանգիստը, ինչպես նաև ամանորյա ակտիվության հնարավոր հետևանքների գնահատակը թույլ կտա առողջության համար նվազագույն վնասով վերադառնալ նորմալ ռիթմին:
Միաժամանակ սթրեսային իրավիճակի դրսևորման հիմնական պատճառներից փորձագետը նշեց սովորական իրավիճակի և ռիթմի փոփոխությունը:
Հոգեբանը նշեց, որ մարդիկ փոխում են կյանքի սովորական ռիթմը, արթնանում և քուն են մտնում ավելի ուշ, և քանի որ ամանորյա արձակուրդները երկար են տևում՝ շուրջ 9-10 օր, ապա դա սովորություն է դառնում:
«Իսկ աշխատանքային առօրյայով նման ռիթմի փոփոխությունը հանգեցնում է անհարմարավետության: Ավելի վաղ՝ Խորհրդային միության ժամանակներում, տոները տևում էին 3-4 օր, ինչը թույլ չէր տալիս մարդկանց սովորել նոր ռիթմին և հասարակությունում սթրեսային իրավիճակներ չէր ստեղծում», - նշեց փորձագետը:
Սթրեսի հանգեցնող պատճառներից նա նշեց նաև սոցիալական գործոնը, որը կապված է ամանորի սեղանի համար նախատեսված մեծ ծախսերով, ինչից հետո ֆինանսական դժվարություններ են ծագում:
Միաժամանակ հոգեբանն ընդգծեց, որ հետամանորյա սթրեսը չնչին խնդիր է ինքնավերականգնմանն ունակ մարդկային օրգանիզմի համար: -0-