ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի և գերատեսչության մի շարք աշխատակիցների նկատմամբ դատավարությունը, որը սկսվել է երկուշաբթի առավոտյան Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, հետաձգվել է մինչև հունվարի 13-ը:
Այդպիսի միջնորդությամբ հանդես է եկել Հայաստանի գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը, ով նշել է, որ չի կարելի հարցաքննությունը սկսել առանց տուժած կողմի ներկայացուցչի ներկայության:
Տուժած կողմի ներկայացուցիչ է հանդես գալիս Հայաստանի ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի աշխատակից Ժիրայր Կարապետյանը:
Կարապետյանը դատարանի կողմից տուժած կողմի լիազոր ներկայացուցիչ է ճանաչվել երկուշաբթի, այդ պատճառով նիստին ներկա չի եղել:
Դատարանը նաև սահմանել է դառավարության կանոնակարգը՝ սկզբում կհարցաքննվի Կարապետյանը, այնուհետև՝ վկաները, մեղադրյալները, ինչից հետո կուսումնասիրվեն գրավոր նյութերն ու այլ ապացույցներ:
Մարգար Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական դիրքի չարաշահում) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) հատկանիշներով:
2011 թ.-ի օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանապետ Մարգար Օհանյանը ձերբակալվել է Ճանապարհային ոստիկանությունում առանձնահատուկ խոշոր չափերի բենզինի յուրացման փաստերի հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակներում:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Մարգար Օհանյանի և ավելի ցածր պաշտոն զբաղեցնող պաշտոնյանների հանցավոր գործողությունների հետևանքով պետությանը 217,6 մլն դրամի (568 հազար դոլար) վնաս է հասցվել:
Օհանյանը, ով իրեն մեղավոր չի ճանաչում, նախաքննության ընթացքում արդեն վճարել է վնասի մեծ մասը՝ 198 մլն դրամը (516 հազար դոլար):-0-