Աշխարհում Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը 2011 թ.-ին էականորեն վատացել է. փորձագետ

23.12.2011, 13:19
Աշխարհում Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը 2011 թ.-ին էականորեն վատացել է. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի և այդ պետության քաղաքականության մասին միջազգային հանրության կարծիքը 2011 թ.-ին էականորեն փոխվել է դեպի վատը, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը:

«Ադրբեջանական իշխանությունների կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վարած քաղաքականությունը դարձավ ԵԱՀԿ ՄԽ միջնորդ-պետությունների դժգոհության պատճառը, ինչի հետևանքով կտրուկ ընկավ Ադրբեջանի հեղինակությունն այդ հարցում», - ասաց Ղումաշյանը:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ ձգտում էին խանգարել հակամարտության կարգավորմանը, ինչի հետևանքով ձախողեցին Կազանի հանդիպումը, որից միջազգային միջնորդները լուրջ արդյունքներ էին ակնկալում:

«Եթե հաջորդ տարի Ադրբեջանի իշխանությունները շարունակեն նման քաղաքականությունը, ապա նրանց նկատմամբ ավելի խիստ միջոցներ կձեռնարկվեն շահագրգիռ երկրների՝ միջնորդների կողմից», - նշեց փորձագետը:

Ղումաշյանի խոսքերով՝ չնայած, որ Հայաստանը 2011 թ.-ի արդյունքում «Ադրբեջանից մեկ քայլ առաջ էր», ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում փաստացի որևէ տեղաշարժ տեղի չունեցավ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-