Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների մերձեցման համար խոչընդոտներ գոյություն չունեն. նախագահ Նապոլիտանո
Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների մերձեցման համար խոչընդոտներ գոյություն չունեն, հայտնեց Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն Իտալիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում:
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, Նապոլիտանոն ասել է, որ Վենետիկը հայերի համար մեծ դերակատարություն է ունեցել՝ հատկապես կրթության, մշակույթի զարգացման առումով կարևոր հենման կետ դառնալով:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ հայ գրատպության 500-ամյակի մեկնարկը նշանավորող Վենետիկի ցուցահանդեսն անցկացվում է նախագահ Նապոլիտանոյի բարձր հովանու ներքո:
Քիչ հետո տեղի է ունենալու Հայաստանի նախագահի հանդիպումը Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ, որից հետո Հանրապետության ղեկավարը Բրասկի թանգարանում ներկա կգտնվի Հռոմում հայկական խաչքարի ցուցադրության բացման արարողությանը, ինչպես նաև կայցելի «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի միջև» խորագրով ցուցահանդես:
Ավելի ուշ նախատեսվում են նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջիանֆրանկո Ֆինիի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլիորիի հետ:
Նախագահն օրվա ավարտին հանդիպում կունենա նաև Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: -0-