Հայաստանը շնորհակալ է Լիբանանին լիբանանահայության հանդեպ ցուցաբերած եղբայրական վերաբերմունքի համար. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շնորհակալ է Լիբանանին լիբանանահայության հանդեպ ցուցաբերած եղբայրական վերաբերմունքի համար, ուրբաթ Երևանում լիբանանցի գործընկեր Միշել Սուլեյմանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Լիբանանի հայ համայնքի թիվը շուրջ 140 հազար է կազմում:
«Մենք բարձր ենք գնահատում Լիբանանում առկա եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ, ինչի արդյունքում հայ համայնքը թե՛ լիարժեք մասնակցություն է բերում Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում, թե՛ էլ ավելի է ամրապնդում Հայրենիքի հետ ունեցած իր կապերը՝ յուրօրինակ կամուրջ և օղակ հանդիսանալով մեր երկու երկրների միջև»,- ասաց նա:
Ըստ պետության ղեկավարի, հայ ժողովուրդը նույնպես շնորհակալ է բարեկամ Լիբանանին խորհրդարանական մակարդակով 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
«Նաև հանձինս նախագահ Սուլեյմանի, շնորհակալություն հայտնեցի Լիբանանի կառավարությանը և քաղաքական վերնախավին ամեն տարվա ապրիլին Բեյրութում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների անցկացման գործում հայ համայնքին աջակցելու համար»,- ընդգծել է Սարգսյանը:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: 1965 թ.-ին ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:-0-